ԵՀԽ Կենտրոնական Կոմիտեի ժողովը
Փետրվարի 16-22-ը, Ժնեւում (Շվեյցարիա), գումարվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի հերթական ժողովը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ տիկ. Փոլա Դեւեջյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էին Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզյանը եւ դոկտ. Նորա Պայրագտարյան-Գապագյանը: Ժողովին որպես քարտուղար մասնակցեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան աշխատակից Տ. Սիփան աբեղա Գեւորգյանը:
Ժողովում քննարկվեցին Յամայկայում կայանալիք Միջազգային էկումենիկ խաղաղարար համաժողովի նախապատրասման աշխատանքներին, Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վիճակին եւ ԵՀԽ-ի միջազգային կառույցներում առաջարկվող փոփոխություններին առնչվող հարցեր:
Կենտրոնական կոմիտեն անդրադարձավ նաեւ Միջին Արեւելքում ծավալվող իրադարձություններին: ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտը իր խոսքում ընդգծեց Յամայկայի համաժողովի կարեւորությունը, որը պետք է ամրապնդի եկեղեցիների միացյալ ջանքերը հանուն բռնության հաղթահարման: Նա նաեւ նշեց, որ եկեղեցիները կարեւոր դերակատարություն պետք է ունենան Միջին Արեւելքում խաղաղության ու արդարության ամրապնդման հարցում: