ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիայի այցը Հայաստան
Սեպտեմբերի 22-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղար դր. Սամուել Կոբիան շարունակեց իր այցելություններն ու հանդիպումները Հայաստանում:
Առավոտյան դր. Կոբիան Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրտսեր միաբանների ուղեկցությամբ եղավ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ուր իր խոնարհումը բերեց եկեղեցում ամպհովանու ներքո ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներին: ԵՀԽ Գլխավոր քարտուղարը շրջեց եկեղեցում, ծանոթացավ սուրբ տաճարի սպասավորների ծառայության մանրամասներին:
Ապա պաշտոնական պատվիրակությունն այցելեց Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցի: Եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը դր. Կոբիային ներկայացրեց եկեղեցու շուրջ կազմավորված համայնքի եւ կիրակնօրյա դպրոցի գործունեությունը:
Այնուհետեւ դր. Սամուել Կոբիան եւ նրա ուղեկիցները մեկնեցին Արագածոտնի թեմ եւ Օշականի եկեղեցում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սբ. Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Օշականում պատվավոր հյուրին ողջունեց Առաջնորդական տեղապահ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, ապա սուրբ եկեղեցու կամարների ներքո կատարվեց միասնական աղոթք: Աղոթքից հետո հյուրերն առիթ ունեցան զրուցելու նաեւ եկեղեցի ուխտի եկած մանուկների հետ: Օշականում ԵՀԽ Գլխավոր քարտուղարն այցելեց նաեւ եկեղեցու հարեւանությամբ գործող Դպրատուն:
Օրվա վերջում վեր. Դր. Սամուել Կոբիան Մայր Աթոռում հանդիպում ունեցավ Հայաստանում գործող էկումենիկ կազմակերպությունների` ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, Էկումենիկ եկեղեցական փոխատվական հիմնադրամի եւ այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Կլոր Սեղանի տնօրեն դր. Կարեն Նազարյանը Գլխավոր քարտուղարին եւ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց Հայաստանյան Կլոր սեղանի գործունեությունը եւ, ի մասնավորի, տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված ծրագիրը: