ԵՀԽ 10-րդ համագումարը շարունակում է իր աշխատանքը

ԵՀԽ 10-րդ համագումարը  շարունակում է  իր աշխատանքը 31.10.2013
ԵՀԽ 10-րդ համագումարը շարունակում է իր աշխատանքը

   Հոկտեմբերի 31-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում իր աշխատանքները շարունակեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ մասնակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակությունը: Առավոտյան համաժողովին ուղերձով դիմեց Հարավային Կորեայի վարչապետ Չանգ Հոնգվոնը: Օրվա առաջին պլենար նիստն ատենապետեց ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
   Առաջին նիստից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպում ունեցավ Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ինչպես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին, այնպես էլ Անգլիկան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների երկխոսությանը:
   Կեսօրից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակության անդամները մասնակցեցին համաժողովի աշխատանքներին, որոնք ընթանում էին տարբեր ձևաչափերով: Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ու Փոլա Տեր-Մաթոյանը` իբրև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամներ, իրենց  մասնակցությունը բերեցին Կենտրոնական կոմիտեի և Կառավարման աշխատանքային խմբի աշխատանքներին: Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընդգրկված էր Ռազմավարության մշակման հանձնախմբում, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը` Ծրագրային ուղենիշերի մշակման հանձնախմբում, իսկ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակից Գոհար Ղալաչյանը` Ընտրական հանձնախմբում:
   Էկումենիկ երկխոսությունների շրջանակում «Դիակոնիան և զարգացումը արագ փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկմանը մասնակցեցին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, « Կյանքի, արդարության և խաղաղության բարոյագիտական ընտրությունը» թեմայով քննարկմանը` Ավստրալիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, «Միջին Արևելք, ո՞ւմ արդարությունը, ո՞ւմ խաղաղությունը» թեմայով քննարկմանը` Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան Տ. Բագրատ վարդապետ Պուրճեկյանը, «Մարդու ապահովություն. խաղաղության, արդարության և իրավունքի զարգացում» թեմայով քննարկմանը` Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը:
   Պատվիրակության անդամ, Լոզանի համալսարանի դոկտորանտ Անի Ղազարյանը զեկույցով հանդես եկավ «Վերանորոգություն փոփոխությամբ. սուրբգրային աղբյուրը էկումենիկ միջավայրում» թեմայի քննարկման շրջանակներում:
   Երեկոյան պատվիրակության անդամները մասնակցեցին նաև տարածաշրջանային ներկայացուցիչների համապատասխան հավաքներին: