ԵԽՀ նախկին գլխավոր քարտուղար Կոնրադ Ռայզերի այցը Հայաստան

Մայիսի 30-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով մեկշաբաթյա այցով Հայաստան ժամանեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախկին գլխավոր քարտուղար դոկտոր Կոնրադ Ռայզերը:

Այցի ընթացքում դոկտ. Ռայզերը հանդես եկավ դասախոսություններով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում եւ Վազգենյան Հոգեւոր դպրանոցում, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: Դասախոսությունները հիմնականում վերաբերում էին բնապահպանական տարբեր խնդիրների եւ էկումենիկ հարաբերություններին («Աստվածաշնչյան թեմաները բնապահպանական խնամքի մեջ», «Ինչպե°ս Եկեղեցին կարող է մասնակցել բնապահպանական շարժմանը», «Էկո-արդարության խնդիրը, արդարության եւ բնապահպանության ինտեգրացիան», «Վստահության հաստատում էկումենիկ հարաբերություններում»): Դասախոսությունները ներկայացվեցին «Կանաչ աստվածաբանություն» ուսումնական ծրագրի շրջանակներում, որ իրականացվում է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի համատեղ ջանքերով:

Այցի օրերին Կոնրադ Ռայզերին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հունիսի 3-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Կ. Ռայզերը ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների եւ ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի պաշտոնեության ուղեկցությամբ ԵՀԽ նախկին գլխավոր քարտուղարն այցելեց տարբեր վանքեր եւ սրբավայրեր, մշակութային եւ կրթական հաստատություններ, մասնակցեց «Բնապահպանություն եւ Աստվածաբանություն» գրքի շնորհանդեսին: Դոկտ. Ռայզերը նաեւ ներկա գտնվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական ժողովին: