ԵԵԿ-ի Կենտրոնական կոմիտեի հանդիպում Հոլանդիայում
Նիդերլանդների Բողոքական Եկեղեցիների հրավերով սեպտեմբերի 21-24-ը Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեն իր տարեկան հանդիպումը գումարեց Հոլանդիայի Ուտրեխ քաղաքում:
Ժողովի ընթացքում լսվեցին ԵԵԿ-ի գործող գլխավոր քարտուղարի, կառույցի «Եկեղեցիներն երկխոսության մեջ», «Եկեղեցի եւ Հասարակություն» եւ Միգրացիայի հարցերով հանձնախմբերի զեկույցները տարեկան գործունեության մասին: Կենտրոնական կոմիտեն քննեց եւ հաստատեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի 2011 թ. աշխատանքային հրամայակաները, լսեց ԵԵԿ-կառույցը վերակազմավորող հանձնախմբի զեկույցը եւ հանձնարարականներ տվեց հետագա աշխատանքների համար:
Կենտրոնական Կոմիտեն լսեց նաեւ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի եւ Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսական Խորհրդի միջեւ համագործակցության հատուկ հանձնախմբի զեկույցը:
Կոմիտեի անդամները մտքեր փոխանակեցին «Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի առաքելությունն այսօրվա աշխարհում» թեմայի շուրջ` հաստատելով, որ Կոնֆերանսը մի կառույց է, որտեղ եկեղեցիները իրենց ներկայացուցիչների միջոցով հանդիպում են միմյանց ավելի լավ ճանաչելու համար, ինչի միջոցով լսելի է դառնում ավելի փոքր Եկեղեցիների, խոցելի խմբերի ձայնը արդարության եւ խաղաղության հարցերի շուրջ: Նաեւ կարեւորվեց աշխարհում ԵԵԿ-ի կատարած ջատագովական աշխատանքը, ինչպես նաեւ կազմակերպած աստվածաբանական քննարկումները:
Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսը ընտրեց եւ հաստատեց 2013թ. համաժողովը նախապատրաստող հանձնախմբի անդամներին: Սեպտեմբեր 23-ի երեկոյան Կենտրոնական Կոմիտեի անդամները հանդիպեցին Հոլանդիայի Եկեղեցիների ներկայացուցիչներին, որոնց մեջ էր նաեւ Հոլանդիայի հոգեւոր հովիվ Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյանը, ով ներկաներին տեղեկություններ հայտնեց Հոլանդիայի հայ համայնքի եւ գործող հինգ ծխերի հոգեւոր կյանքի ու էկումենիկ կապերի մասին:
Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական Կոմիտեի հանդիպմանը մասնակցում է այդ կառույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ով նաեւ Կոնֆերանսի նախագահ Ֆրանսիայի Էմանուել միտրոպոլիտի հետ ընտրվեց նոր գլխավոր քարտուղարի ընտրության հանձնախմբում: