Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ
Մայիսի 24-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ` նվիրված Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանին, Պարգև Շահբազյանին ու բ.գ.դ., պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանին:
Հանդիսությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
«Մեծապես ուրախ ենք Սրբոց Գայանյանց տոնի այս բերկրալի օրն ամենքիդ ողջունելու Գևորգյան հոգևոր ճեմարանի հարկից ներս: 140 և ավելի տարիների պատմություն ունեցող հոգևոր այս դարբնոցն իր գոյության ողջ ընթացքին ունեցել է մեծաթիվ դասախոսներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայոց հոգևոր դասի, ինչպես նաև հայրենի մեր կյանքում արժանահիշատակ հաջողությունների հասած մտավորականների կերտման գործում: Այդուհանդերձ, պետք է նշել, որ անցյալ տասնամյակների ընթացքին եղել են անհատներ, ովքեր ոչ միայն իրենց դասախոսական հմտություններով ու գիտելիքներով են առանձնացել, այլ նաև իրենց բացառիկ կարողությամբ` ներշնչելու, ոգևորելու, ճեմարանցիների սրտում այրելու սերն իրենց հոգու ծննդավայր Հայոց Եկեղեցու հանդեպ: Այս դասախոսների համար նաև Եկեղեցու ծառայությունը նույնականանում էր հայրենի ժողովրդին Քրիստոսավանդ պատգամին ընդառաջ ծառայելու առաքելության հետ», - նշեց Հայր Գարեգինը:
Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից մեծարյալներին նվիրված ֆիլմը:
Հայ Եկեղեցու հոգևոր կրթական հաստատություններից ներս մեծ ավանդ ունեցող մանկավարժների վաստակի մասին խոսք ասացին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:
Ցերեկույթի ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ «Լույս» հնգյակը` ղեկավար և մեներգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի գլխավորությամբ:
Օրվան համահունչ ասմունքեց ճեմարանական սաներից մեկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի, կատարեց կոմիտասյան երգեր:
Ապա իրենց սրտի խոսքն ասացին Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը, տիարք Պարգև Շահբազյանը և Պետրոս Բեդիրյանը:
Շնորհակալություն հայտնելով մեծարման հանդիսության համար` նրանք անդրադարձ կատարեցին իրենց կյանքի պատմությանը, հայագիտության հանդեպ ունեցած սիրուն, ինչպես նաև կրթական ոլորտում սպասավորությանը: Բազմավաստակ մանկավարժների խոսքը վերածվեց ուսանելի ու յուրօրինակ դասախոսության, որի ընթացքում առաքինազարդ մտավորականները ներկայացրեցին իրենց մտորումները հավատքի, հոգևոր արժեքների ու հայեցի դաստիարակության մասին, ինչպես նաև Հայրենիքին և Եկեղեցուն ծառայելու, աշխատանքի մեջ նվիրումի, պատասխանատվության և նախանձախնդրության վերաբերյալ:
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հայրապետական պատգամով:
Իր գնահատանքը բերելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը կազմակերպված հանդիսության համար` Նորին Սրբությունն ընդգծեց, որ հիշողություններով հարուստ և ուսանելի օր է բոլոր ներկաների համար` գնահատելու և մեծարելու նրանց, որոնք տասնյակ տարիներ նպաստել են Հայ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, որոնց շնորհիվ հոգևորականների մի քանի սերունդներ են ձևավորվել, դաստիարակվել ու կրթվել:
Հայոց Հայրապետն աղոթքով հիշեց հոգևոր հաստատությունում իր ուսումնառության տարիների բոլոր դասախոսներին և մասնավորապես տիար Պ. Շահբազյանին, որոնք իրենց անձնական օրինակով խանդավառել ու ոգեշնչել են իրեն և կարևոր ներդրում ունեցել իր կյանքում:
Վեհափառ Հայրապետը նաև խոսեց հետագա տարիներին և իր հայրապետության շրջանում մեծարյալների հետ Մայր Աթոռում, Գևորգյան ճեմարանում և Սևանի Վազգենյան դպրանոցում ունեցած իր գործակցության մասին:
«Մենք` որպես ճեմարանի սան, մեր շնորհակալությունն ենք հայտնում պրն. Պ. Շահբազյանին, նաև Տ. Եղիշեին ու պրն. Պ. Բեդիրյանին, որ գործակից են եղել և իրենց բարի օրինակով, որպես ավագ սերունդի ներկայացուցիչներ, ոգեշնչել են մեզ և ուղենշել մեր կյանքի ընթացքը:
Որպես Հայրապետ` նաև շնորհակալ ենք այն հունդերի համար, որոնք իրենք ցանել են. հունդեր, որոնք ավետարանական խոսքի համաձայն` այսօր առատ բերք են տվել...: Այդ բարիքներն ենք այսօր քաղում, նրանց վրա հաստատում և կառուցում մեր տեսիլքների կառույցը, պայծառությունը Մայր Աթոռի», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը նշեց, որ Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, իրենց կոչման և հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ մեծարյալների նվիրումն ու սերը բարի պտուղներ են տվել:
Նա հաստատեց, որ նրանք ապրում են իրենց կրթած-դաստիարակած յուրաքանչյուր սանի մեջ, որ այսօր հաջողությամբ իր ծառայությունն է բերում Հայ Եկեղեցում, իրականացնում իր հոգում դասախոսների ջանքերով ամբարված` ազգային-հոգևոր կյանքի տեսիլքն ու իղձը:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց մեծարյալներին` պատգամելով շարունակել իրենց ներկայությամբ ու գործունեությամբ, բարի օրինակով ու նվիրյալ կյանքով ներշնչել կրթական հաստատության սաներին, դասախոսներին և հոգևոր դասին: