Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման միջոցառումը: Այս առիթով Հայաստան է ժամանել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը` գլխավորությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, ակադեմիայի ռեկտոր Վերեյսկու արքեպիսկոպոս Եվգենիի:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Հավատով, պատմությամբ, մշակույթով և աշխարհընկալմամբ կապված մեր ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունների դարավոր պատմության մեջ այս օրը հատկանշում է ևս մեկ կարևոր հանգրվան: …Մեզ համար առաջնային խնդիր է եկեղեցու հավատարիմ սպասավորների դաստիարակությունը. հոգևորականներ, ովքեր իրենց նվիրումով, հավատով և հայրենասիրությամբ կնպաստեն մեր քրիստոնեական աշխարհի վերածնությանն ու զարգացմանը: Մենք վստահ ենք, որ երկու հաստատությունների միջև այս համաձայնագրի ստորագրությունը կնպաստի ճեմարանների հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և կբացի համագործակցության նոր հորիզոններ», - նշեց Սրբազան հայրը:
Այս առիթով ներկաներին իր խոսքն ուղղեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի տեսուչ Եվգենի արքեպիսկոպոսը` համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ նկատելով երկու Եկեղեցիների հարաբերություններում: Նա ընդգծեց երիտասարդների կրթության և եկեղեցականների պատրաստության կարևորությունը` անդրադառնալով կրթական բարեփոխումներին, ինչպես նաև դրանց իրականացման գործում հոգևոր ճեմարանների միջև համագործակցության և փորձառության փոխանակման անհրաժեշտությանը:
Կրթական հաստատությունների համագործակցության մեկնարկը ողջունեց նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետև հանդիսավոր կերպով ստորագրվեց համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն աստվածաբանական, հումանիտար գիտությունների և հոգևոր կրթության բնագավառներում, ինչպես նաև ուսումնական, գիտական, ուսումնամեթոդական և տեղեկատվական-հրատարակչական գործունեության համախմբում և ջանքերի միավորում` ի նպաստ միասնական հումանիտար գիտակրթական տարածքի ընդլայնման: Ստորագրված փաստաթղթով փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց` մշակելու և ներդնելու համատեղ փոխլրացնող կրթական ծրագրեր, օգտագործելու դասախոսների փորձը` նրանց մասնակից դարձնելով համատեղ ուսուցման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն առանձին առարկաների կամ կրթական ծրագրերի շրջանակներում: Ծրագրվում է կազմակերպել համատեղ գիտական միջոցառումներ ու գիտահետազոտական ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական աշխատանքների բնագավառում` փորձի փոխանակում կատարել, նպաստել դասախոսների որակավորման բարձրացմանը, մշակել մանկավարժական տեխնոլոգիաներ: Նաև համատեղ հրատարակության կպատրաստվի գիտական ու կրթական գրականություն: Համաձայնագրի ստորագրումից հետո հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան Մոսկվայի հոգևոր ակադեմիայի և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերը:
Հանդիսությունը փակվեց Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսական կազմը և ուսանողությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Յուրի Ռադիոնովը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահի օգնական գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գվոզդևը: