Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճի և մարզասրահի բացում
Նոյեմբերի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճի և մարզասրահի բացման արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական հարկաբաժնին կից մասնաշենքը նախագծել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Կառույցի հիմնարկեքը տեղի է ունեցել 2009թ. հուլիսի 11-ին:
Բացման արարողությանը ներկա էին մասնաշենքի բարերարներ տեր և տիկին Պետրոս և Աննա Օրունջանկչիելները, թեմակալ առաջնորդներ ու Մայր Աթոռի միաբանությունը, Մայր Աթոռի բարերարներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ ու սաներ:
Նորակառույց շենքի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց օրհնության կարգ, որից հետո բարերարները, հատելով մուտքի ժապավենը, Գարեգին Բ Վեհափառի հետ մուտք գործեցին նորաբաց մասնաշենք:
Այստեղ ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների նկատմամբ մշտապես ցուցաբերած հայրական խնամքի և հոգածության համար, ինչպես նաև բարերարներ Պետրոս և Աննա Օրունջանկչիելներին` ճեմարանականների համար նման պայմաններ ստեղծելու համար:
Այնուհետև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն անդրադարձավ Վեհափառ Հայրապետի եկեղեցաշեն գործունեությանը` վստահեցնելով, որ Հայ Եկեկեցու աշխարհասփյուռ թեմերն իրենց հոգևոր դասով և բարերար զավակներով պիտի ըստ ամենայնի շարունակեն զորավիգ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռին և նպաստել ազգօգուտ և հայրենանվեր ձեռնարկների իրագործմանը:
Իր հերթին բարերար տիկին Աննա Օրունջանկչիելն կառույցի բացման առիթով իր զգացումներն արտահայտեց և շնորհակալության խոսք ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետին: ՙԱյսօր մեր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Սրտներս լեցուն են հպարտությամբ: Ցանկանում ենք մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել Ձեզ` Վեհափառ Տեր, որ մեզ վստահեցիք այս փառավոր շենքի բարերարությունը: Աղոթում ենք, որ մեր բոլոր զավակաները շարունակեն իրենց նվիրյալ կյանքն ի սպաս Հայ Եկեղեցու և մնան հավատարիմ Սուրբ Էջմիածնին՚, - ասաց տիկին Օրունջանկչիելը` Նորին Սրբությանը մաղթելով քաջառողջություն և երկար կյանք:
Վերջում ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ օրվա ընթացքում Մայր Աթոռում կատարված կարևոր միջոցառումներին` ՙԳարեգին Ա՚ հոգևոր-կրթական կենտրոնի հիմնօրհնեքի, Ս. Հրեշտակապետաց եկեղեցու օծման և Ճեմարանի հանդիսությունների սրահի ու մարզադահլիճի բացման արարողություններին և դրանց կարևոր կրթական առաքելությանը: ՙԱյս շինությունը նույնպես կրթության նպատակին է ուղղված: Հոգով, մտքով զորացած մեր զավակները պետք ունեն նաև առողջ մարմնի, որպեսզի կարողանան հոգևորականի ծանր առաքելությունն իրականացնել ամբողջանվեր ու լիարժեք կերպով: Մենք վստահ ենք, որ այս երկու հաստատությունները պիտի նոր խանդավառություն բերեն հոգևոր ճեմարանի սաներին, և նրանք պիտի արդարացնեն հույսերն ինչպես մեր բարերարների, այնպես և մեր հավատավոր զավակների՚, - նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքի և օրհնության խոսքը հղեց նաև կառույցի բարերար Օրունջանկչիել ընտանիքին` նշելով, որ բարերարների անունը հավերժորեն արձանագրված պիտի մնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարեգրության մեջ:
Հանդիսության ընթացքում հոգևոր և ազգային երգերի կատարումներով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և Նորքի Հայորդաց տան պատանիները: