Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 թթ. ուսումնական տարվա բացման հանդիսությունը Մայր Աթոռում
Սեպտեմբերի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2015-2016 թթ. ուսումնական տարվա բացումը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ:
Ցերեկույթը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա կատարվեց ուսանողների օրհնության կարգ:
Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո 2015-2016 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ խոսք ասաց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Մեր տրամադրությունը տոնական է այսօր ոչ թէ զուտ այն պատճառով, որ նոր ուսումնական տարվա բացմանն ենք մասնակցում, այլ որ ներքուստ յուրաքանչյուրս ապրում է խորը բավարարության մի զգացում, որ ծնվում է ճեմարանի հաղթական ընթացքից: Բոլորս քաջ գիտակցում ենք այն առաքելությունը, որ Գևորգյան կրթարանը բարեհաջող կերպով իրականացնում է Հայոց Եկեղեցուց ներս, ավելին` դրա ականատեսն ու մասնակիցն ենք: Այն Հայոց Եկեղեցու վերածննդի հիմնական երաշխիքն է, նրա անխաթար և հավատարիմ գործունեությունից է կախված մեր ազգի հոգևոր-բարոյական առաջադիմությունը: Մենք ոչ միայն գիտակցում ենք սա, այլև հավատով նվիրվում այս գաղափարի իրականացմանը հայ կյանքում: Իմ խորին համոզմամբ, ճեմարանականի ինքնությանն ամենաբնորոշ հատկանիշներից մեկն անպարտության ոգին է: Դրանով է ճեմարանական կրթությունը տարբերվում մյուս բոլորից. նրա տարերքը պայքարն է, ձգտումը, լույսը…», - նշեց Գևորգ Սրբազանը:
Ապա Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչը հանդիսության մասնակիցներին ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի նորանշանակ տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանին` բարի ընթացք մաղթելով վերջինիս ստանձնած պատասխանատու առաքելությանը:
Գևորգ Սրբազանն անդրադարձավ նաև ընդունելության քննությունների արդյունքներին` տեղեկացնելով, որ այս տարվա 77 դիմորդներից Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել է 43 սան, որոնցից 14-ը` Գևորգյան ճեմարան, 29-ը՝ Վազգենյան դպրանոց, իսկ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան է ընդունվել թվով 15 սան, 11-ը՝ 10-րդ դասարան, 2-ը՝ 11-րդ դասարան, 2-ը՝ 12-րդ դասարան: Սրբազանը հավելեց նաև, որ առաջիկայում ընդունելության քննություններ կանցկացվեն Քահանայից պատրաստման լսարանի դիմորդների համար:
Հավարտ Սրբազան Հոր խոսքի, ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի, հայրենասիրական երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը, իսկ առանձին սաներ նաև ասմունքեցին:
Ցերեկույթի ընթացքում խոսքով հանդես եկավ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը: Վերջինս, ուրախությամբ փաստելով ճեմարանի և քոլեջի միջև ձևավորվող գործակցությունը, ճեմարանին ընծայաբերեց քոլեջի սաների կողմից հեղինակված երկու կտավներ:
Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Գևորգյան հոգևոր ճեմարանի վերատեսչին ու նորանշանակ տեսչին և մաղթեց, որ նրանց ջանքերով, նվիրումով ու նախանձախնդրությամբ հոգևոր հաստատությունն առավել զորանա ու պտղաբերի:
Նոր ուսումնական տարվա տարեմուտի առիթով Վեափառ Հայրապետն իր բարեմաղթանքն ու շնորհավորանքները փոխանցեց Մայր Աթոռի միաբանությանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի պաշտոնեությանը, դասախոսական կազմին և սաներին` ընդգծելով, որ ինքը լավատեսությամբ է նայում հոգևոր հաստատության ուսումնական ընթացքին:
«Գևորգյան հոգևոր ճեմարանը մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու` Քրիստոսի խորհրդական մարմնի արյունատար մայր երակն է: Այս հաստատության արդյունավոր գործունեությամբ է, որ մեր ժողովրդի կյանքում ապրում և իր առաքելությունն է իրականացնում մեր Առաքելական Մայր Եկեղեցին: Մենք որքանով որ կարողանանք արդյունավետ կերպով իրագործել մեր պարտականությունները Գևորգյան հոգևոր կրթական հաստատությունից ներս. այն է` պատրաստել արժանավոր եկեղեցականներ և նվիրյալ հայորդիներ, մեր երկրի քաղաքացիներ, այնքանով մեր Եկեղեցին իր փառքի մեջ կպայծառակերպվի, այնքանով նաև մեր ժողովրդի հոգևոր-բարոյական կյանքն իր բարձրության վրա կլինի: Ահա՛ թե ինչու բոլորս` միաբանություն, մանկավարժներ, ուսանողներ, պիտի մեր ջանքերն առավելագույնս ներդնենք, որպեսզի այս հաստատությունն արդարացնի բոլորիս հույսերն ու սպասումները», - մասնավորապես ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Անդրադառնալով մերօրյա հոգևորականի կերպարին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ ժողովուրդն իր հոգևոր խնամատարության համար ակնկալում է բարոյական բարձր նկարագրով, գիտելիքների հարուստ պաշարով և զորեղ հավատքով եկեղեցականների և այդ իմաստով ամենայն ջանք ի գործ պետք է դրվի, որպեսզի ճեմարանից դուրս եկող սանը չնմանվի ավետարանական անպտուղ թզենուն, այլ արժանի դառնա մեր սուրբ հայրերի ժառանգությանը և նրանց առաքելության հպարտ շարունակողը հանդիսանա: «Կարևոր է, որ այս կրթական հաստատությունը գիտելիքներով զինի սաներին, բայց առավել կարևոր է այն, որ այս հաստատության մեջ կրթվի ու դաստիարակվի խորը հավատքի տեր, իր առաքելության տեսլիքն ունեցող, հոգևոր նկարագրով և ամուր կերտվածքով օժտված հոգևոր առաջնորդը և հոգևոր հովիվը: …Գևորգյան հոգևոր ճեմարանը հոգևորականներ կրթող, պատրաստող հաստատություն է, իսկ հոգևորականի առաջին բարենիշը նրա հոգևոր նկարագիրն է, հոգևոր զորեղ ապրումը և հավատքը, որոնցից պիտք է ծնվեն և՛ եկեղեցաշեն, և՛ ազգաշեն գործերը», - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Իր խոսքում Նորին Սրբությունը նաև անդրադարձ կատարեց 2015 թվականի` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին` նշելով, որ այն ամենքի մեջ վերարթնացնում է ապրումներ և հիշատակներ, որոնք ոգի և նախանձախնդրություն են կերտում:
Այս առնչությամբ Հայոց Հայրապետը եկեղեցականներին հորդորեց իրենց ծառայությամբ նպաստել ժողովրդի հոգևոր-բարոյական կյանքի, հայրենավիրումի զգացումի և գիտակցության զորացմանը, որպեսզի 1915 թվականը երբեք չկրկնվի հայ ժողովրդի կյանքում, և հայոց ազգն առաջնորդվի հաղթանակներից դեպի նորանոր հաղթանակներ, ձեռքբերումներից դեպի նոր ձեռքբերումներ` ի շինություն և ի պայծառություն ազգային կյանքի, Հայրենիքի և Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Բացման հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով: