Գրքերի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Կրթությունը` զարգացման նախապայման» ժողովածուի եւ «Կրթության իրավունք» գրքի շնորհանդեսը` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից:
«Կրթությունը` զարգացման նախապայման» ժողովածուն ներկայացնում է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից` Կրթական եւ զարգացման ծրագրի շրջանակներում 2007 թ. հունիսի 8-10-ը Ծաղկաձորում կազմակերպված «Կրթությունը` զարգացման նախապայման» կրթական երիտասարդական համագումարի ընթացքին ներկայացված զեկուցումները եւ համագումարի արդյունքների ամփոփումը: Զեկուցումները հիմնականում արծարծում են կրթական բարեփոխումներին, արտադպրոցական եւ միջին մասնագիտական կրթությանը, քրիստոնեական դաստիարակությանը, կրթական ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական տարբեր մարմինների, Եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությանն առնչված խնդիրներ:
Ժողովածուն պատրաստվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հրատարակվել Եկեղեցական զարգացման ծառայության` Գերմանիայի բողոքական եկեղեցիների միություն կազմակերպության (EED) ֆինանսական օժանդակությամբ:
«Ընտանեկան հանրամատչելի իրավաբանական գրադարան» շարքի «Կրթության իրավունք» գիրքը (հեղինակ` Հայկ Խեմչյան եւ ընդհանուր խմբագիր` ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյան) հրատարակվել է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հովանավորությամբ: Ձեռնարկում հարցերի ու պատասխանների միջոցով հանրամատչելի ներկայացված են կրթության իրավունքին վերաբերող` քաղաքացիներին առավել հուզող հարցերի պարզաբանումներ: Պատասխանների վերջում նշվում են այն իրավական ակտը եւ դրա համապատասխան հոդվածը, որից քաղված է հարցի պատասխանը: Գրքում թվարկվում են նաեւ կրթության ոլորտը կարգավորող ներպետական եւ միջազգային փաստաթղթերը, որոնք լավագույնս բնորոշում են կրթության ոլորտում պետության որդեգրած քաղաքականության էությունը, ինչպես նաեւ կրթության հարցերում միջազգային հանրության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
Շնորհանդեսը բացվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազանը, փոխանցելով ամենքին Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, անդրադարձավ կրթության կարեւորությանը, հոգեւոր-բարոյական դաստիարակության խնդիրներին եւ հասարակության մեջ հոգեւոր արժեքների զորացման անհրաժեշտությանը:
Հրատարակությունների առիթով իրենց մտորումներն արտահայտեցին ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը, Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ (Կոտայքի թեմ) Տ. Կյուրեղ քհն. Տալյանը, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Վահրամ քհն. Մելիքյանը, Կրթության ազգային ինստիտուտի Դաստիարակության եւ լրացուցիչ կրթության բաժնի վարիչ Մելանյա Դավթյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
Շնորհանդեսն եզրափակվեց ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի խոսքով: