«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Դեկտեմբերի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և մասնակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր ցերեկույթը: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության նախաձեռնած մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ տարածաշրջանային, մարզային, հանրապետական:
Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 420 դպրոցներ, մարզային փուլին` տարածաշրջաններում լավագույնը ճանաչված 71 դպրոցներ, իսկ հանրապետական փուլին, որ անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը՝ եռօրյա մրցույթ-փառատոնի ձևաչափով, ներկայացան 12 դպրոցներ:
Հանդիսության սկզբում բացման խոսքով հանդես եկավ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, ով ջերմորեն ողջունեց կրթության ու գիտության մշակների ներկայությունը Ս. Էջմիածնում: Ողջույնի խոսքից հետո ներկաները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը մրցույթի անցկացման գործընթացի մասին:
Այնուհետև խոսքով հանդես եկավ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով Մայր Աթոռի և նախարարության միջև ձևավորված համագործակցությանը` պրն. Աշոտյանը նշեց. «Այս միջոցառումը եզրափակում է Մայր Աթոռի և Կրթության ու գիտության նախարարության ծավալած բուռն համագործակցության շրջանը: Այս տարի մենք կարողացանք պահպանել ավանդական դարձած գաղափարներն ու ծրագրերը և համալրեցինք մեր համագործակցությունը նոր գաղափարներով ու նոր մոտեցումներով` ևս մեկ անգամ ամրապնդելով անքակտելի կապը կրթության ոլորտում»: Կարևորելով Մայր Աթոռի դերը կրթության զարգացման գործում` նախարարը նշեց. «Շարունակենք համատեղ իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք մեզ թույլ են տալու կյանքի կոչել մեր հավատն առ Աստված, առ հայ ժողովուրդը և կերտել հայ քաղաքացու նոր կերպար. ժամանակակից քաղաքացի, որը գիտի որտեղից է գալիս, ինչ արժեք է իր մեջ կրում և գիտի, որ, ժամանակակից լինելով հանդերձ, պարտավոր է և պետք է լինի ավանդական»:
Նախարարի խոսքից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը: Հայրապետական մրցանակի արժանացավ Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, «Լավագույն սցենար» անվանակարգում` Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցը, «Լավագույն երաժշտական կատարում» անվանակարգում` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, իսկ «Լավագույն բեմադրություն» անվանակարգում` Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցը: Մի շարք այլ դպրոցներ արժանացան խրախուսական հատուկ մրցանակների: «Արի ոգու պարգև» մրցանակին արժանացավ Սյունիքի մարզի Քարահունջի միջնակարգ դպրոցը, «Մասնակիցների հաջողված ընդգրկում» մրցանակին` Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցը, «Կերպարների հաջողված մարմնավորում» մրցանակին` Երևանի թիվ 14 հատուկ դպրոցը, «Լավագույն մենակատար» մրցանակին` Շիրակի մարզի Գյումրիի թիվ 8 միջն. դպրոցի աշակերտուհի Հասմիկ Քուշկյանը, «Բեմադրության յուրահատուկ լուծումներ» մրցանակին` Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցը, «Ներդաշնակ ասմունք» մրցանակին`Լոռու մարզի Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցը, «Հաջողված երգչախմբային կատարում» մրցանակին` Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը, «Երաժշտական հագեցվածություն» մրցանակին` Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման մասնակիցներին` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց այն հսկայածավալ աշխատանքի համար, որ ամիսներ շարունակ կատարվել է դպրոցների տնօրենության, մանկավարժների ու սաների կողմից:
«Մեր դարավոր պատմության հոլովույթներում Մաշտոցի գործի խորհուրդը եղել է հիմքը հայոց հարատևության` արդի ժամանակներում մնալով ոգեշնչող ուժն ու զորությունն ազգային մեր կյանքի և գիտամշակութային ձեռքբերումների: Մեր օրերում առավել քան անհրաժեշտ են գիտելիքներով զինված և հավատքի լույսով օժտված աստվածասեր և հայրենասեր հայորդիք, ովքեր պիտի ճանաչեն և իրենց կյանքով ու գործով արժևորեն հայ ինքնությունը կերտած ազգային մեր արժեքները, լուսավորյալ մտքով պատասխաններ գտնեն ու ճանապարհներ ուղենշեն մեր ազգային կյանքի վերածաղկման և նոր առաջընթացի համար», - մասնավորապես ասաց Վեհափառ Հայրապետը:
Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Կրթության և գիտության նախարարին ու նախարարության աշխատակիցներին, մարզային բոլոր իշխանություններին, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանին, կենտրոնի աշխատակազմին, ինչպես նաև մրցույթին մասնակից բոլոր դպրոցների տնօրեններին, մանկավարժներին ու սաներին: