Գուգարաց թեմում այս տարի վերաօծվեց չորրորդ եկեղեցին
Գուգարաց թեմում անցնող 15 տարիների ընթացքում` 1996-2012թթ., կառուցվել, վերանորոգվել և վերակառուցվել են թվով 34 եկեղեցիներ, որոնցից 9-ը նորակառույց են, իսկ 25-ը` վերանորոգված և վերակառուցված: Ներկայումս թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում: Սույն տարում Լոռու մարզում վերաօծված երեք` Մեծ Պառնի, Չկալով և Ձորագյուղ համայնքների եկեղեցիներին, հաջորդեց Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցու վերաօծումը:
Վանաձորի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին գտնվում է քաղաքի Խնձորուտ թաղամասումª Տանձուտ գետի աջ ափին, գերեզմանոցի հարավային մասում: Սրբավայրը կառուցվել է 7-9-րդ դարերում, իսկ Խորհրդային շրջանում ծառայել է որպես պահեստ: 1857թ. եկեղեցին վերակառուցվել է, սակայն 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով այն կրկին դարձել էր վթարային: Տևական ժամանակ եկեղեցին մնացել էր խոնարհված ու լքված:
Եկեղեցին անդառնալի կորուստից փրկելու, այն սկզբնական նպատակին ծառայեցնելու և սրբազան արարողություններ կատարելու նպատակով Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չույջյանի օրհնությամբ և բարերարներ Մարտուն և Արեն Աղաբաբյանների նախաձեռնությամբ ու բարեպաշտ հավատացյալների աջակցությամբ 2012թ. եկեղեցին վերանորոգվեց: Սույն թվականի հուլիսի 7-ին ձեռամբ թեմակալ առաջնորդի օծվեց և նորակառույց Զանգակատան տանիքին տեղադրվեց եկեղեցու բարձրադիր խաչը: Տարածքը բարեկարգվեց, գոյություն ունեցող պատմական խաչքարերը առանձնահատուկ բծախնդրությամբ տեղադրվեցին եկեղեցու շրջակայքում և եկեղեցին ուխտավայրին վայել տեսք ստացավ:
Նոյեմբերի 22-ին թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և թեմի հո•ևոր դասի մասնակցությամբ օծվեց Սուրբ Սեղանը, Խորանը և Մկրտության Սուրբ Ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Տեր Ներսես քահանա Ղալայանը` մասնակցությամբ հոգևոր հովիվներ Տ. Օհան, Տ. Վահան և Տ. Սողոմոն քահանա հայրերի: Արարողությանը ներկա էին մարզային, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց եկեղեցու վերակառուցման նախաձեռնողներ Մարտուն և Արեն Աղաբաբյաններին ու բարեպաշտ հավատացյալներին` շնորհավորելով աղոթավայրի վերաօծման առթիվ, և առ ի երախտագիտություն` Օրհնության գիր հանձնեց բարերարներին նվիրելով` հայկական մանրանկարչություն:
Սրբազան Հայրը շնորհակալական խոսք ասաց եկեղեցու շինարարական աշխատանքներին իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերած բոլոր ազնիվ հայրենակիցներին, այդ թվում նաև եկեղեցուն սրբապատկերներ նվիրաբերած անձանց` Արթուր Նալբանդյանին, Սամվել Դարբինյանին, Ռոբերտ Ավալյանին, Արեն Աղաբաբայանին, Արմեն Վարդումյանին, Արմեն Պետունցին, Արամ Հախինյանին, Վահե Դոխոյանին, Արթուր Ղալայանին, Արմեն Վարդումյանին և ռուսաստանաբնակ Խաչատուր Սարգսյանին և նրանց ընտանիքներին:
Հավարտ սրբազան պատարագի` մասնակիցներին բարերարների կողմից մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ: