Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը նվաճեց 3-րդ տեղը

Նոյեմբերի 30–ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում մեկնարկվեց Է. Խաչատրյանի անվան փողային նվագախմբերի հանրապետական մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին բացառապես փողային նվագարաններից կազմված անսամբլներ եւ նվագախմբեր` առանց մասնակիցների տարիքային սահմանափակման: Տասնմեկ մասնակից համույթների թվում էր նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար` Մելսիկ Մատինյան, խորհրդատու ղեկավար` Վլադիմիր Ռապացկի): Նվագախումբը հանդես եկավ Գրիգորյանի «Սասունցիների պար», Օֆենբախի «Օրփեոսը դժոխքից» օպերետի նախերգանքի, Պաուլսի «Մեղեդի», Ֆուկի «Սլավոնական պոլկա» եւ Այվազյաինի «Հայրենիք» (մշակումը` Վ. Ռապացկու) կատարումներով:

«Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը ստեղծվել է 2000թ. թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի անմիջական նախաձեռնությամբ` պետական, ազգային ու քաղաքային տոնակատարություններին առանձնահատուկ շուք ու խրոխտ տրամադրություն հաղորդելու նպատակով: Առաջնորդի սերը փողային նվագախմբի նկատմամբ խթան հանդիսացավ գրեթե գոյություն չունեցող այս արվեստը կրկին կյանքի կոչելու: «Վարդանանց հետնորդներն» ամեն տարի իրենց մասնակցությունն են բերում հանրապետական ու մարզային փառատոններին եւ նվագակցում տարաբնույթ պետական, ժողովրդական եւ եկեղեցական տոնակատարություններին:

2003թ. նվագախումբը մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի շրջանակներում կայացած հանրապետական միացյալ փողային նվագախմբերի համերգին: 2005թ. «Վարդանանց հետնորդներ»-ը մասնակցեցին Փողային նվագախմբերի փառատոնին` արժանանալով պատվավոր 2-րդ տեղին: Այս տարի մայիսի 9-ին նբագախումբն իր մասնակցությունը բերեց Հաղթանակի զբոսայգում կայացած Փողային նվագախմերի մեծ համերգին: «Վարդանանց հետնորդներ»-ի նվագարանների հնչյունների ներքո 5 տարի շարունակ անցնում է «Ծիծեռնակ» ճամբարի ուրախ առօրյան:

Փողային նվագախմբերի մրցույթի նոյեմբերի 30-ի արդյունքների համաձայն եւ խստապահանջ ժյուրիի գնահատմամբ «Վարդանանց հետնորդներն» արժանացան 3-րդ պատվավոր տեղին` զիջելով ճոխ նվագարաններով առավել փորձառու խմբերին:

Այս փուլում հաղթանակած փողային նվագախմբերը կմասնակցեն դեկտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք գալա-համերգին, որի ընթացքում եւ կհանձնվեն մրցանակները: