Գոնսալես Գուարչի այցը Մայր Աթոռ
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իսպանացի նշանավոր գրող Գոնսալես Գուարչին` ուղեկցությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի: Ողջունելով իսպանացի մտավորականի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունն իր բարեմաղթանքն ու օրհնությունը բերեց նրան և հանդիպմանը ներկա ընտանիքի անդամներին:
Տիար Գոնսալես Գուարչան իր հերթին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և Վեհափառ Հայրապետին փոխանցեց Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Հայկական կտակ», «Սպիտակ լեռ» և «Հայոց ծառը» ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Գոնսալես Գուարչի ստեղծագործություններին` նշելով, որ գրողի ազնիվ զգացումներն արտահայտող ստեղծագործությունները մարդասիրական այն փաղանգի շարունակությունն են, որոնք իրենց ձայնն են բարձրացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Գոնսալես Գուարչին հայ ժողովրդին և առհասարակ համայն մարդկությանը բերած ծառայությունների համար` մասնավորապես շեշտելով, որ իսպանացի գրողի պես անձանց ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ու դատապարտվի բոլոր ժողովուրդների ու պետությունների կողմից: