Գոհաբանական աղոթք Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Գոհաբանական աղոթք Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում 18.03.2010

  

Մարտի 17-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Գոհաբանական աղոթք` մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինի եւ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաեւ հայոց պետական ավագանին, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, գիտության եւ մշակույթի գործիչները, տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ բարեպաշտ հայորդիներ:

Հայրապետներին տաճարի զանգակատան մոտ դիմավորեցին խաչերով եւ խաչվառներով զարդարյալ թափորը եւ հավատացյալ հայորդիների բազմությունը: «Հրաշափառի» երգեցողության ներքո երկու Հայրապետները եւ ՀՀ նախագահը մուտք գործեցին եկեղեցի: Համբուրելով ամպհովանու ներքո ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները` նրանք առաջնորդվեցին դեպի եկեղեցու ատյան, ուր կատարվեց արարողությունը:

Աղոթքի ավարտին երկու Եկեղեցիների պետերը փոխանակեցին խոսքեր` իրենց օրհնությունը բերելով ներկա ժողովրդին:

 

Նորին Սրբությունը, դիմելով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին, ասաց. «Այսօր հոգեւոր բերկրանքով համախմբվել ենք միասնական աղոթքի հայոց լուսավորիչ եւ առաջին Հայրապետ Սուրբ Գրիգորի անունը կրող Երեւանի Մայր եկեղեցում` մեզ աղոթակից ունենալով Հայաստանի Հանրապետության մեծահարգ Նախագահ տիար Սերժ Սարգսյանին, պետական բարձրաստիճան այրերի, մեր Սուրբ Եկեղեցիների հոգեւորականաց եւ հավատավոր մեր զավակներին: Մեծ պահքի աղոթական խոկման այս շրջանում առանձնակի խորհուրդ ունի դեպի հարուցյալ կյանքի Լույսը պարզված մեր միասնական աղոթքը եւ ջերմեռանդ հայցը` մեր Սուրբ Եկեղեցիների անսասանության, հավատակից մեր ժողովուրդների անխախտ բարեկամության եւ աշխարհի խաղաղության համար: Արդարեւ, Աստծուն առավել հաճելի է մեր միասնական աղոթքը` իբրեւ վկայություն Իրեն հուսացյալների եղբայրական սիրո եւ համախոհ գործակցության` հանուն բարու, արդարության եւ ճշմարտության. «Զի որք սիրեն զԱստուած` յամենայնի գործակից լինին ի բարիս» (Հռոմ. Ը 28),- ասում է Պողոս առաքյալը:

Մեր աղոթքին այսօր այս սուրբ եկեղեցու կամարների ներքո բարեխոս ունենք հավատի մեր հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում վկայությամբ, աղոթքով ու ջանքով հայոց անդաստանում բարձրացան Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների սփռած հավատքի հունդերը: Աստծո օրհնությամբ ռուսական լայնարձակ աշխարհում առատորեն պտղաբերեց Սուրբ Անդրեաս առաքյալի քարոզությունը: Լուսավորիչ առաքյալների եւ առաքելապատիվ Սուրբ Գրիգորի վկայությունը եւ աղոթքը դարերի մեջ ամրապնդել ու զորացրել են ի Քրիստոս սիրո վեմին հաստատված եղբայրության մեր ուղին:

Հավատակից մեր ժողովուրդների պատմությունը բազում էջեր ունի համատեղ արարումի եւ համատեղ պայքարի, որոնք լի են արիության ու զոհողությունների օրինակներով, նվիրումի եւ մեծագործ ձեռքբերումների պարծանքով: Իր կյանքի դժվարին ժամանակներում, երբ հայ ժողովուրդը հայացքը ուղղեց դեպի Ռուսաստան, միշտ գտավ անկեղծ աջակցություն, իսկ հանձին հայության Ռուսաստանը միշտ ունեցավ հավատարիմ դաշնակցի: Մեր հոգիներին այսօր բերկրանք ու խրախույս են բերում մեր պետությունների դաշնակցային հարաբերությունները եւ օրեցօր զորացող արգասաբեր համագործակցությունը` հնարավոր դարձնելով, որ խաղաղ ու ազատ պայմաններում զորանան մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները: Մեր ժողովուրդների եւ Եկեղեցիների բարեկամության հարուստ ավանդները` չնայած պատմական տարբեր ընթացքների եւ ավանդույթների, վարդապետական տարբերությունների, մշտապես կյանքի են կոչվել ձգտումով միասնական դարձնել Աստծո փառքի համար Քրիստոսի սիրուց բխող մեր քայլերը, որոնք բազում քաղցրահամ պտուղներ են բերել երկուստեք մեր պետական ու հասարակական կյանքին, զորություն ու պայծառություն` մեր Եկեղեցիներին:

Այսօր էլ մեր ժամանակների քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական արագընթաց զարգացումների մեջ, երբ աշխարհայնացման ընթացքներում անտեսվում է հոգեւորը եւ մարդկային հարաբերություններում` աստվածադիր օրենքների ու պատվիրանների կարեւորությունը, երբ վեր են հառնում բազմապիսի խնդիրներ եւ արդիականությունից բխող մարտահրավերներ, մենք, որպես Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անդամներ, պիտի առավել ջանադիր գործակցենք` հանուն ավետարանական սրբազան արժեքներով մարդկային կյանքի խմորման, հանուն խաղաղ աշխարհի, պաշտպանված իրավունքների, բարօր ու երջանիկ կյանքի: Պիտի ամրանանք եղբայրական սիրո եւ համագործակցության ուղիներում` «ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամեն ինչում Նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտությամբ աճելու համար` զօրացած Նրա ամբողջ ուժով, Նրա փառքի զօրութեամբ» (Կող. Ա 10-11):

 

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Դուք հովվապետական Ձեր առաքելությունը սկսել եք մեծ հաջողություններով Ռուս Ուղղափառ Եկեղեցու առավել զորացման ու պայծառության, մարդկանց սրտերում հոգեւոր սրբարար արժեքների ամրապնդման, նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, ինչպես նաեւ` այսօր մարդկային կյանքը հուզող մարտահրավերների հաղթահարման համար հոգեւոր ուղենիշների մշակման, միջկրոնական հանդուրժողականության զորացման, միջեկեղեցական հարաբերությունների արգասավորման, մարդու եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչը սրտամոտ եւ մեծապես ողջունելի է նաեւ Հայ Եկեղեցու եւ համայն հայ ժողովրդի համար: Այսօր Մենք երախտագիտությամբ ենք անդրադառնում Ռուս Ուղղափառ Եկեղեցու` մեր ժողովրդի հանդեպ ցուցաբերած եղբայրական զորակցությանը, Հայոց Ցեղասպանության դատապարտման, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր Առաջնորդների հանդիպումների կազմակերպմամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար ու խաղաղ լուծման գործում ներդրած ջանքերին:

Եղբայրական Մեր սիրո եւ Ձերդ Սրբության հանդեպ աշխարհասփյուռ հայ ժողովրդի խորին հարգանքի ու գնահատանքի արտահայտություն որպես, ցանկանում ենք Ձեր` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո շնորհազարդ Պատրիարքիդ կուրծքը զարդարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգեւով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով` մաղթելով, որ Աստված երկար տարիների հովվապետական անսասան գավազան պարգեւի Ձերդ Սրբությանը` իրագործելու Ձեր բոլոր իղձերն ու տեսիլքները` ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ ի բարօրություն Ձեր հավատավոր զավակների:

Այլեւ խնդրամատույց ենք առ Տերը, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի մեր երկու Եկեղեցիները եւ մեր երկրները անխախտ բարեկամության մեջ, քանզի «Եղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է ինչպես հաստատուն թագավորությունը» (Առակ. ԺԸ 19):

Թող Սերն Աստծո, խաղաղությունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի եւ շնորհներն ու առաջնորդությունը Սուրբ Հոգու լինեն մեզ հետ եւ բոլորի` այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն»:

Հավարտ իր խոսքի Ամենայն Հայոց Հայրապետը Կիրիլ Պատրիարքի կուրծքը զարդարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձրագույն պարգեւով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով եւ Նորին Սրբությանն ընծայեց պատրիարքական պանակեներ եւ լանջախաչ:

Ապա իր երախտիքի խոսքն ասաց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը` անդրադառնալով հայ-ռուսական դարավոր բարեկամությանը եւ հարաբերություններին: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. «Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունն հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգեւ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշան Ինձ հանձնելու համար: Այն ստանալով Ձերդ Սրբության ձեռքից` ընդունում եմ իբրեւ բարեպաշտ հայ ժողովրդի եղբայրական սիրո նշան հավատավոր ռուս ժողովրդի հանդեպ:

Հայ Եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Պատմական Հայաստանի տարածքի մասին մենք իմանում ենք Սուրբ Գրքի առաջին էջերից. «Արարատի երկիրը» մի քանի անգամ հիշատակվում է Հին Կտակարանի մեջ: Ինչպես վկայում է Ծննդոց Գիրքը «Յոթներորդ ամսի տասնյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա» (Ծնն. Ը 4): Այսպիսով` այս հողը սերտորեն կապված է մարդկության փրկագործության տնօրինության հետ: Ավանդության համաձայն Ավետարանի քարոզչությունը Հայաստանում հասնում է մինչեւ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները: Նրանք ոչ միայն խոսքերով քարոզեցին Քրիստոս, այլեւ վկայեցին Նրան իրենց մարտիրոսական մահվամբ:

Բոլորին է հայտնի, որ Հայաստանը եղել է առաջին երկիրը, որ ընդունել է քրիստոնեությունը իբրեւ պետական կրոն: Երբ քրիստոնյաները դեռեւս դաժան հալածանքների էին ենթարկվում Հռոմեական կայսրության մեջ, հայոց Տրդատ թագավորը ոչ միայն թույլատրեց Քրիստոսի Ավետարանի քարոզչությունը, այլ նաեւ ինքը մկրտվեց եւ քրիստոնեություն ընդունեց իր երկրի հետ: Իսկ հայ ժողովրդի նշանավոր զավակ Մեսրոպ Մաշտոց վարդապետի կողմից այբուբենի ստեղծումից հետո, ինչպես վերջինիս աշակերտ Կորյունն է ասել, «Աստված խոսեց հայերեն»:

Անկարելի է քրիստոնեության պատմությունը Հայաստանում պատկերացնել առանց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան: Այս հոյակերտ տաճարը, որ կառուցվել է 2001թ. Հայոց դարձի 1700-ամյակի կապակցությամբ, օծված է հանուն Հայաստանի մեծ լուսավորչի: Հույժ խորհրդանշական է, որ Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Վասիլի Երանելու տաճարի խորաններից մեկը օծված է առաքելապատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:

Հայոց պատմությունն ունեցել է ոչ միայն ծաղկման շրջաններ: Ձեր երկիրն անցել է նաեւ ծանր փորձությունների միջով: Դարերով զրկված լինելով սեփական պետականությունից եւ գտնվելով երկու հզորագույն կայսրությունների գերիշխանության ներքո` հայերը ենթարկվել են ճնշումների եւ հալածանքների: Այդ ժամանակ Եկեղեցին միակ առանցքն էր, որի շուրջ համախմբվում էր հայ ժողովուրդը: Եկեղեցին էր հայ ժողովրդի շահերը ներկայացնում պարսից շահերի եւ օսմանյան սուլթանների առջեւ:

Կովկասում ռուսների հայտնվելը փոփոխությունների մեծ հույսեր ներշնչեց: Դրա համար էլ հայերը ռուս զինվորներին դիմավորեցին իբրեւ ազատարարների եւ հավատակից եղբայրների: Այդ մասին վկայում են Կովկասում մարտնչած ռուս սպաների օրագրերը, ինչպես նաեւ սքանչելի էջերը Պուշկինի, Լերմոնտովի, Գրիբոեդովի ստեղծագործություններից: Հայ Եկեղեցու հովվապետերի օրհնությամբ եւ օժանդակությամբ շատ հայորդիներ իբրեւ կամավորներ զիվորագրվում էին ռուսական զորքերում: Էջմիածնի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ռուս զինվորների հուշակոթողը Օշականում, Պատվո Բարձունքը Գյումրիում եւ այլ հուշակոթողներ ձեր երկրում վկայում են ռուս ուղղափառ եղբայրների հանդեպ հայ ժողովրդի երախտագիտության մասին:

Կովկասյան արշավանքների, ապա ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Արեւելյան Հայաստանը հայտնվեց Ռուսական կայրության կազմում: «Ռուսահայաստանի» հանդես գալը ելք էր հայ ժողովրդի համար պատմական մեկուսացումից: 11-րդ դարից հետո արեւելահայերին առաջին անգամ հնարավորություն ընձեռվեց լիաթոք շնչել եւ ազատորեն դավանել իր հավատը քրիստոնյա տերության մեջ:

1917 թ. հեղափոխությունից հետո հայ եւ ռուս ժողովուրդները կանգնեցին նոր փորձությունների առջեւ: Խորհրդային պատմության տասնամյակների ընթացքում Հայ եւ Ռուս Եկեղեցիները կիսեցին դառը ճակատագիրը անաստված իշխանությանց կողմից իրականացվող հալածանքների: Մենք կրեցինք եւ° սարսափելի հալածանքները հոգեւորականության եւ հավատացյալների նկատմամբ, եւ° եկեղեցիների պղծումը, եւ ամբողջ շարք այլ հետապնդումներ ու ստորացումներ: Սակայն Աստծո զորությամբ մեր Եկեղեցիները դիմակայեցին:

Պատմական նոր պայմաններում Հայաստանի ժողովուրդն անկախություն ձեռք բերեց: 20-րդ դարի 90-ական թթ. մեր ժողովուրդները միասին ապրեցին տնտեսական եւ քաղաքական անկայունության շրջան: Աստծո ողորմածությամբ, միասին լինելով, նրանք կարողացան դուրս գալ 1990-ական թթ. ճգնաժամից: 2001 թ. ամբողջ քրիստոնյա աշխարհը հանդիսավորությամբ նշեց Հայոց դարձի 1700-ամյակը: Նոր հազարամյակի սկիզբը բոլոր քրիստոնյաների համար նշանավորվեց այդքան ուրախալի իրադարձության տոնախմբությամբ: Այդ ժամանակ այս հոյակերտ տաճարի կամարների ներքո այլ Եկեղեցիների պետերի հետ այստեղ ներկա էր նաեւ Մեր երջանկահիշատակ նախորդը` Ալեքսի Բ Պատրիարքը:

Վաղ քրիստոնեական ժամանակներից հայ ժողովուրդը պահպանվել ու փրկվել է շնորհիվ Քրիստոսի նկատմամբ իր հավատարմության: Յուրաքանչյուրը, ով ծանոթ է հայոց պատմությանը, կհամաձայնի այս հաստատման հետ: Նույնը կարող եմ ասել նաեւ ռուսական ավանդությանը պատկանող ժողովուրդների մասին: Սակայն նոր դարաշրջանը մեզ տանում է նոր փորձությունների միջով: Դրանք են հոգեւոր ուղենիշերի կորուստը, բարոյական ռելյատիվիզմը, նյութական բարեկեցության պաշտամունքը, տարբեր ժողովուրդների ազգային, մշակութային, կրոնական ինքնության գոյապահպանությանը սպառնացող վտանգը:

Բայց համաշխարհային քաղաքակրթությունը չի կարող գոյատեւել առանց հոգեւոր եւ բարոյական ուղենիշերի: Մեզ` հնագույն մշակութային ավանդույթներ կրողներիս համար արժեհամակարգը ձեւավորվել է շնորհիվ քրիստոնեական հավատքի: Այսօր մենք պետք է հոգ տանենք, որպեսզի այդ արժեքները չանհետանան մարդկային կյանքից:

Տերը թող օգնի բոլորիս այդ հարցում: Ամենողորմ Աստծո օրհնությունը թող միշտ լինի Հայաստանի եւ նրա քրիստոսասեր ժողովրդի հետ»:

Վերջում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքն Ամենայն Հայոց Կաթողիկոսին նվիրեց հայրապետական պանակե եւ լանջախաչ, իսկ տաճարին ընծայաբերեց Քրիստոսի սրբապատկեր: Ապա Նորին Սրբությունը վերստին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին եւ հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար:

Հայրապետական ուղերձներից հետո հնչեցին հայկական եւ ռուսական եկեղեցական շարականներ: Արարողությունն եզրափակվեց երկու Հովվապետերի «Պահպանիչ» աղոթքով: