Գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Մայիսի 16-ին և 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում նախաձեռնությամբ Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի և համագործակցությամբ ԵՀԽ «Կլոր սեղան» գրասենյակի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տեղի ունեցավ «Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով, որի նպատակն էր բազմակողմանիորեն քննել և արժևորել Հայ Եկեղեցու դերակատարությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` ևս մեկ անգամ անդրադառնալով Հայեցակարգային գրասենյակի կյանքի կոչման նպատակին և ծրագրերին: Նա հույս հայտնեց, որ ներկա գիտաժողովի նյութերը կօգնեն` ստեղծելու համար Հայ Եկեղեցու հայեցակարգային փաստաթուղթը կրթության, գիտության և մշակույթի մասին:
Երկօրյա քննարկումների ժամանակ ելույթ ունեցան շուրջ 20 զեկուցողներ համապատասխան ոլորտներից և հասարակական կազմակերպություններից: Ծավալված քննարկումների ժամանակ ներկաները մատնանշեցին թեմային առնչվող խնդիրների լայն շրջանակ, որոնց պատասխանները պիտի լինեն Հայ Եկեղեցու հայեցակարգային փաստաթղթում:
Գիտաժողովի նյութերն առաջիկայում կտպագրվեն առանձին ժողովածուով: