Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներն այցելեցին ռազմական ինստիտուտ

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներն այցելեցին ռազմական ինստիտուտ 22.11.2010

Նոյեմբերի 19-ին ՀՀ Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի մի խումբ սաներ այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Այցի ընթացքում ճեմարանականները ծանոթացան ինստիտուտի ուսումնական գործընթացին, կուրսանտների առօրյային, շրջեցին մասնագիտական լսարաններով, եղան ինստիտուտի թանգարանում եւ ապագա սպաների ննջարաններում: Ճեմարանականները տեղեկություններ ստացան նաեւ հայոց բանակի արդի վիճակի մասին:

Այնուհետեւ ռազմական ինստիտուտի հանդիսությունների դահլիճում ճեմարանի երգչախումբը Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկավ գեղարվեստական հայտագրով` կատարելով շարականներ, ռազմահայրենասիրական եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Պողոս Աբրահամյանը բարի գալուստ մաղթեց ճեմարանականներին` շեշտելով Հայոց Եկեղեցու եւ ազգային բանակի համագործակցության կարեւորությունը: Իսկ ինստիտուտի հոգեւոր սպասավոր Տիգրան սարկավագ Բաղումյանը խոսեց հոգեւոր երաժշտության եւ հասարակության մեջ զինվորականներին եւ հոգեւորականներին վերապահված կարեւոր դերակատարության մասին: Նա հույս հայտնեց, որ կրթական երկու հաստատությունների միջեւ անդրանիկ այս այցելությամբ սկզբնավորված հարաբերությունները կարդյունավորվեն համատեղ ծրագրերով եւ գործնական քայլերով:

Ճեմարանականների ելույթներն ուղեկցվեցին ներկաների բուռն ծափողջույններով: Վերջում Ճեմարանի փոխտեսուչ Մաղաքիա աբեղա Ամիրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար եւ ռազմական ինստիտուտի գրադարանին նվիրաբերեց հոգեւոր գրականություն: Հայր Սուրբն ապագա հրամանատարներին մաղթեց բազկի արիություն, հաջողություններ ուսման մեջ եւ անկոտրում ոգի: