Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի ուսումնական տարվա փակման հանդիսություն
«Մեր ժողովուրդը սպասում է ձեզ, սպասում է սիրով ու անձկությամբ. արժանի եղեք մեր ժողովրդի սիրուն ձեր ծառայությամբ ու նվիրումով, ձեր կյանքով` գործերով ու պահվածքով»
պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճեմարանականներին
Հունիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի 2006-2007 ուսումնական տարվա փակման միացյալ հանդիսությունը: Այս տարում Գեւորգյան Ճեմարանն ունեցավ 31 շրջանավարտ:
Երկու ճեմարանների միացյալ երգչախմբի կողմից շարականների եւ ազգային երգերի մի քանի կատարումներից հետո` տեսչական ամենամյա զեկույցով հանդես եկավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբն ուրախությամբ տեղեկացրեց, որ օրեր առաջ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից Գեւորգյան հոգեւոր ճեմարանին (Աստվածաբանական Համալսարան) եւ վերջինի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի 0222-«Աստվածաբանություն» մասնագիտությանը մագիստրոսի որակավորման աստիճանով պետական հավատարմագրեր են տրվել: Ներկայիս ճեմարանում ուսանում են 135 սաներ: 2007թ. 54 սարկավագներ պաշտապանել են իրենց ավարտաճառերը, 71 սաներ ձեռնադրվել սարկավագ: Ուսումնական տարվա ընթացքին ճեմարանականները պարբերաբար այցելել են տարբեր մանկատներ, հատուկ դպրոցներ, համագործակցել երիտասարդական եւ ուսանողական միությունների հետ, թղթակցել թերթերին, պատրաստել ռադիո եւ հեռուստահաղորդումներ: Հայր Սուրբը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ճեմարանի հանդեպ ցուցաբերվող մնայուն ուշադրության եւ հոգածության համար:
Այնուհետեւ անցյալ ուսումնական տարում արձանագրած ձեռքբերումներին անդրադարձավ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը: «Հոգեւոր ճեմարանը ձիթայուղ է, այն կաթսան, որտեղից մատակարարվում է Լուսավորչի կանթեղի ձիթայուղը»,- նշեց հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքում` մեծապես կարեւորելով նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը ազգային-եկեղեցական կյանքում: Դպրանոցը ներկայիս ունի 71 ուսանող, որոնց թվում սաներ Իրաքից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից եւ Սիրիայից: Ճեմարանականների ջանքերով հրատարակվել են հինգ աստվածաբանական աշխատություններ: Սաներն իրենց ծառայությունն են բերում նաեւ Գեղարքունիքի թեմի եկեղեցիներում: Հաջողությամբ շարունակվում է «Կանաչ աստվածաբանություն» բնապահպանական առարկայի դասավանդումը դպրանոցում:
Հավարտ տեսչական զեկույցների տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում առաջադիմություն ցուցաբերած սաները Վեհափառ Հայրապետից ստացան նվերներ: Ապա ուսանողության անունից շնորհակալական խոսք ասաց վեցերորդ լսարանի սան Գոռ սրկ. Նազարյանը: «Ճեմարանական տարիներն այն թթխմորն են, որով պիտի խմորվի մեր ողջ կյանքը: ...Այսօր Ձեր առջեւ ենք` պատրաստ մեր ինքնանվիրումը բերելու Մայր Եկեղեցու զորացման, ժողովրդին ծառայելու աստվածահաճո գործին»,- նշեց Գոռ սարկավագը:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողությանը հաջորդեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքը: Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից Գեւորգյան ճեմարանին տրված բարձարգույն հաստատության հավատարմագրերի, ինչպես նաեւ երկու ճեմարաններում արձանագրված հաջողությունների առնչությամբ:
«Իրապես, մենք պիտի կարողանանք մեր երազած ուսյալ, մտավորական նկարագիր եւ խառնվածք ունեցող եկեղեցականներով օժտել մեր Եկեղեցին, բարձրացնել որակը մեր եկեղեցականների, որը նշանակում է միաժամանակ բարձրացնել եւ ծառայության որակը մեր Եկեղեցում եւ մեր ժողովրդի կյանքում»,- ասաց Հայոց Հայրապետը` իր գնահատանքը հայտնելով ճեմարանների տեսչություններին, մանկավարժներին եւ ճեմարանականներին իրենց նվիրումի, անհոգնաբեկ աշխատանքի ու պատասխանատվության բարձր զգացումի համար:
Վեհափառը աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ առատանա հունձքը հոգեւոր կրթական հաստատությունների` հունձք կրթական բարձր մակարդակով եւ հոգեւոր պատրաստվածությամբ, որպեսզի կարելի լինի հոգեւորականաց միջոցով մեր Եկեղեցու ամբողջական ծառայությունը ապահովել մեր ժողովրդին: