Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ամավերջյան հանդիսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) ամավերջյան հանդիսությունը:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ եւ աղոթքով հարգեցին հիշատակը ճեմարանի դասախոս նորոգ հանգուցյալ Վարագ Ներսիսյանի: Ապա Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությունը ներկայացրեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: «Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատմությանը գումարվեց եւս մեկ տարի: Մեկ տարի, որը մեզ համար անցավ ակնթարթի նման` ուսումնական հարատեւ աշխատանքի, կրթական ու դաստիարակչական բնականոն հոգսերի բովում: Գուցե շատերին թվա, թե այս ուսումնական տարին եւս ոչնչով չէր տարբերվում անցածներից, բայց ոչ մեզ համար, քանզի մշտապես մեր մեջ այն գիտակցությունն է խոսել, որ Ճեմարանի ուսումնական ամեն մի օրը, ամիսը, տարին մեծ կարեւորություն ունի Մայր Եկեղեցու ապագայի կերտման համար: Մշտապես մեր աշխատանքում ձգտել ենք պատրաստել առօրյա պայմանական մտածողությունից զերծ եւ նվիրյալ հոգեւորականներ, որոնք կամք կդրսեւորեն մեր` ներկաներիս թերությունները սրբագրելու եւ ավելի արդյունավետ ծառայություն մատուցելու Մայր Եկեղեցուն», -նշեց Սրբազանն իր խոսքում: Գեւորգ Սրբազանը տեղեկացրեց, որ ճեմարանում դասավանդում են 53 դասախոսներ, որոնցից 34-ն աշխարհականներ են, իսկ 19-ը հոգեւորականներ: Ուսանողների թիվը 118 է, որոնցից 21 շրջանավարտ սարկավագներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն իսկ համալրել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը եւ ծառայության կոչվել տարբեր հոգեւոր կառույցներում: Սրբազան Հայրը ներկայացրեց նաեւ բարձրագույն կրթությամբ անձանց համար կազմակերպվող Քահանայից պատրաստման երկու լսարանների 26 սաների առաջադիմությունը` տեղեկացնելով, որ այս տարի եւս տեղի կունենա նոր ընդունելություն: Իր խոսքում Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց դասախոսներին կատարված աշխատանքի համար: Վերատեսուչը նաեւ իր գնահատանքը բերեց ճեմարանի սաներին` ուսումնառության ընթացքում նրանց ցուցաբերած պատրաստակամության, կարգապահության եւ ջանասիրության համար: Ամավերջյան հանդիսության ընթացքում ճեմարանականները հանդես եկան հոգեւոր եւ ազգային երգերի կարտարումով եւ ասմունքով, որից հետո հանուն ուսանողության խոսք ասաց Զ լսարանի սան Արսեն սարկավագ Մաթեւոսյանը: Այնուհետեւ բարձր առաջադիմություն ցուցաբերած սաները ստացան խրախուսական նվերներ: