Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2012-2013 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի  2012-2013 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը  10.09.2012
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2012-2013 թթ. ուստարվա բացումը

 

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2012-2013 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը` մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, Ճեմարանի դասախոսական կազմի եւ սաների:

Տերունական աղոթքից, Հայաստանի եւ ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: ԳՀՃ-ի վերատեսուչը նշեց, որ ճեմարանը հետեւողականորեն ընթանում է դեպի նպատակակետ` դառնալու այնպիսի մի հաստատություն, որը կկարողանա շնորհել բոլոր գիտական աստիճանները, որտեղի շրջանավարտներն այլեւս կարիք չեն ունենա արտասահմանյան համալսարաններում վերստին ուսանելու, կզբաղվեն գիտությամբ եւ Հայ Եկեղեցու ստեղծած ժառանգության հարստացմամբ:

Գերաշնորհ Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց նաեւ ճեմարանի տեսչական, դասախոսական կազմերին եւ ուսանողությանը` իրենց անձնվեր, հետեւողական ու անկեղծ աշխատանքի համար` մաղթելով տոկուն հավատք եւ սեր` առաքելությունը շարունակելու համար:

Հանդիսության ընթացքում ազգային երգերի կատարումներով եւ ասմունքով հանդես եկան Ճեմարանի սաները, որից հետո  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից օրհնության խոսք ասաց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժվի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Շնորհավորելով ամենքին նոր ուսումնական տարվա բացման առիթով` Սրբազան Հայրը Ճեմարանին մաղթեց անսպառ եռանդ, նոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Այս տարի Գեւորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 22 սան: Ուսանողության ընդհանուր թիվը կազմում է 129 հոգի: Ճեմարանում դասավանդում են 19 եկեղեցական  եւ 34 աշխարհական դասախոսներ: