Գեւորգյան հոգեւոր ճեմարանը տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գեւորգ զորավարի տոնը:
Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իր հոգեւոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգեւոր փորձառության հետ: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո հավատքի պաշտպանության հարցը պատմության ընթացքում դարձավ մեզ համար ճակատագրի անբաժանելի մի մասը: Դրա լավագույն օրինակն է հայ ժողովրդի գոյության դարագլուխ կազմող Ավարայրի հերոսամարտը: Պատահական չէ հեեւևաբար, որ հայ ժողովրդի բարեպաշտական մտածողության մեջ ամենամեծ տեղը հատկացված է երկու զինվորականներին` Ս. Սարգսին եւ Ս. Գեւորգին: Ազատության համար պայքարի պատմության ընթացքում ով պետք է ոգեւորեր հայ ժողովրդին` հաստատուն մնալ իր հավատքի մեջ, լինել անդրդվելի, եթե ոչ հավատքի այս համառ պահապանները: …Նրանց քաջության շնորհիվ քրիստոնեությունը հաղթանակ տարավ, չլինեին Աստծու այս քաջարի մարտիկները, քրիատոնեությունը շարունակվելու էր արգելված, հալածված կրոն մնալ: Մարդու ամենամեծ շնորհն ազատությունն է, իսկ քրիստոնեությունը միայն ազատության մեջ կարող է լիարժեք արտահայտվել: Այս ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին Աստծու վկաները, այդ թվում նաեւ հավատարիմ վկա Ս. Գեւորգ զորավարը»:
Իր խոսքում Գեւորգ Սրբազանը նաեւ տեղեկացրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսուհետ կվերականգնվի Ս. Գեւորգի տոնին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տարեդարձը նշելու ավանդույթը: Ճեմարանը հիմնադրվել է Գեւորգ Դ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1874 թ.` Ս. Գեւորգի տոնին, եւ ի պատիվ սրբի` անվանվել Գեւորգյան:
Ս. Պատարագի արարողությունից հետո տոնի առիթով ճեմարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 138-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ եւ ԳՀՃ օրհներգերը: Այնուհետև ասմունքով, ազգային եւ հոգեւոր երգերի կատարումներով հանդես եկան ճեմարանի սաները:
Հանդիսության վերջում ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով նվիրական տոնի առիթով` Նորին Սրբությունն անդրադարձավ լուսամիտ Գեւորգ Հայրապետի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեւոր-կրթական հաստատությունը վերահաստատելու տեսիլքին: Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց ճեմարանը Ս. Գեւորգ զորավարի անունով կոչելը, որպեսզի ապագա եկեղեցականներն իրենց առաջնորդող ունենան Ս. Գեւորգ զորավարի անձը, Տիրոջը, ամբողջանվեր ու անձնազոհ հավատարմության խորհուրդը: «Այս ոգին է, որ մենք ցանկանում ենք կրթել ու կերտել մեր հոգեւոր-կրթական հաստատություններում, որպեսզի այդ կրթօջախների հարկի ներքո ուսում առնող յուրաքանչյուր անձ ունենա զորեղ հավատք եւ հավատարմության ու նվիրումի ոգի, ի պահաջել հարկի նահատակության պսակը վերցնի, ինչպես մեր հայրերը` հանուն Քրիստոսի ու սուրբ հավատքի», - ասաց Հայոց Հայրապետը` կոչելով այս տոնին մեկ անգամ եւս անդրադառնալ հոգեւորականի կոչմանը եւ առաքելությանը, որպեսզի Սբ. Գևորգ զորավարի օրինակով կերտվի ոգին, զորանա մեր հավատքը, պայծառանա մեր առաքելության տեսիլքը:
Գարեգին Բ. Կաթողիկոսը հորդորեց ըստ ամենայնի նմանվել եկեղեցական պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին շենացրած լուսավոր կերպարներին, որոնցից մեկն է նաեւ Գեւորգ Դ. Հայրապետը` գոհունակությամբ ընդգծելով, որ այսօր էլ կան ազգի եւ եկեղեցու բազում արժանի, անձնուրաց, ազգասեր, հայրենանվեր, Քրիստոսի սիրով ապրող եւ գործող սպասավորներ:
Շնորհավորելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչությանը, դասախոսներին եւ սաներին` Վեհափառ Հայրապետը աղոթքով մաղթեց, որ Երկնավոր Տերը միշտ օրհնյալ պահի հիշատակը հաստատության հիմնադիր լուսահոգի Հայրապետի եւ զորացնի ճեմարանն իր առաքելության մեջ: