Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան դպրանոցի ամավերջի հանդիսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հուլիսի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի ամավերջի հանդիսությունը:
Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությունը հրավիրեց ամենքին` աղոթելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, նորոգ հանգուցյալ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հոգու խաղաղության համար:
Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 2008-2009 թթ. ուսումնական տարվա հաշվետվությամբ հանդես եկավ ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա անդրադարձավ ճեմարանի արձանագրած հաջողություններին, ուսումնական տարվա գործընթացին, ճեմարանականների առաջադիմությանը եւ ճեմարանում կազմակերպված զանազան միջոցառումներին: Այս տարի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանն ավարտեց 23 ուսանող, որոնք ձեռնադրվելով, կլրացնեն Հայ Եկեղեցու հոգեւոր սպասավորների շարքերը: Սրբազան Հայրը, շնորհավորելով ավարտական լսարանի սաներին, հորդորեց չերկնչել դժվարություններից եւ կյանքի հարուցած խոչընդոտներից, այլ առ Աստված աներեր հավատով եւ աննկուն կամքի դրսեւորմամբ շարունակել իրենց ծառայությունը Հայոց Եկեղեցու անդաստանում:
Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի ուսումնական տարվա ամփոփմամբ հանդես եկավ դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը: Հայր Սուրբը գոհունակությամբ նշեց, որ անցնող տարում արձանագրվել են մի շարք հաջողություններ. լույս է տեսել ճեմարանի երգչախմբի ձայնասկավառակը, հրատարակվել է Վազգենյան դպրանոց տարեգիրքը, ճեմարանականների համար կազմակերպվել են ուխտագնացություններ, կոնֆերանսներ եւ հանդիպումներ մտավորականների հետ:
Հանդիսության վերջում ներկաներին իր հայրական խոսքն ուղղեց Գարեգին Բ Վեհափառը: Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ճեմարանների տեսչական, դասախոսական անձնակազմին` ջանադիր եւ նվիրյալ ծառայության համար:
«Ճեմարանական կրթության ավարտից հետո սկսվում է տեսիլքի մի շրջան, երբ յուրաքանչյուր սան ամբարած իր հոգում անհրաժեշտ գիտելիքներ եւ ծառայության գիտակցություն ազգին եւ եկեղեցուն, կերտում է իր համար տեսիլքն իր ապագա ծառայության` ի°նչ դերակատարություն կարող է ինքն ունենալ ազգային-եկեղեցական մեր կյանքում, ի°նչ ներդրում կարող է ունենալ դրանց մեջ: Եվ Մենք պիտի մաղթենք, որ Աստված միշտ զորացնի ձեզ ձեր հավատքի եւ ծառայական սիրո մեջ: Այս երկու հատկանիշերը խիստ էական են, որպեսզի դուք երբեք չունենաք հուսախաբության եւ դժգոհության պահեր: Ձեր ուսերին Քրիստոսի ծանր լուծը թեթեւաբեռ կլինի, եթե դուք հավատք, սեր ունենաք ձեր հոգուց ներս»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Վերջում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում ուսումնական տարվա ընթացքում առաջադիմություն ցուցաբերած, եկեղեցասիրության եւ կարգապահության մեջ աչքի ընկած սաները Վեհափառ Հայրապետից նվերներ եւ պարգեւներ ստացան:
Հանդիսությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչով»: