Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում բացվեց Խրիմյան Հայրիկի կիսանդրին
Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան 100-ամյակի կապակցությամբ բացվեց Խրիմյան Հայրիկի կիսանդրին եւ տեղի ունեցավ հանդիսություն:
Արարողության սկզբին բացման խոսք ասաց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը, ապա հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` կատարելու կիսանդրու բացումը, որից հետո Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Խրիմյան Հայրիկին:
Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսչի պաշտոնակատար Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ արդի իրականության մարտահրավերներին դիմակայելու համար ամենակարեւորը Խրիմյանի օրինակով ազգային, հոգեւոր եւ մշակութային արմատներին հաստատուն մնալն է. «Մեր փոթորկալից պատմությունը վկայում է, որ ամենակարեւորը մեր ազգային, կրոնական եւ մշակութային արմատներն են: Բանկերը, շենքերը, ճամբարները, տնտեսությունը, տուրիզմը, տեխնոլոգիաները եւ այլ առօրյա հարստություններն անշուշտ կարեւոր են, բայց մեր պատմությունը փաստում է, որ երբ սրանք հարվածի տակ են հայտնվում, մեր ազգն իր արմատներից է վերստին ընձյուղվում: Այլապես ինչպե°ս բացատրել Մեծ Եղեռնից, խորհրդայնացումից, սփյուռքյան ձուլումից ու այլասերումից հետո մեր ապրած ազգային ու հոգեւոր վերելքը: Այս աշխարհում ազգերի միջեւ տեղի ունեցող գոյատեւման դաժան պայքարում որոշիչ դերակատարությունը արմատներն են ունենալու»: Տեսուչ Հայր Սուրբը նշեց, որ Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսը մեր ներկան սնուցող արմատներից մեկն է, որ իր նման բյուրավոր արմատների հետ ապահովում է մեր ազգի կենսականությունը: Տեսուչը, շնորհակալություն հայտնելով Ճեմարանին տրված թանկարժեք նվերի համար, նշեց, որ այն ներշնչումի աղբյուր պիտի լինի ուսանողության համար` հիշելու, թե ինչպիսի' զոհողություններ են պետք մարդ լինելու, հայ մնալու եւ քրիստոսանման ապրելու համար:
Այնուհետեւ «Խրիմյան Հայրիկը` եկեղեցականի տիպարի մասին» բանախոսությամբ հանդես եկավ ԳԱԱ Պատմագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիկին Էմմա Կոստանդյանը:
Հանդիսությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, անդրադառնալով այն մեծ սիրուն ու հարգանքին, որ տածում էր հայ ժողովուրդը Խրիմյան Հայրիկի նկատմամբ, ընդգծեց այն անմնացորդ նվիրվածությունն ու վաստակը, որով մեծ Հայրապետը ընծայված էր ժողովրդին ու Եկեղեցուն. «Հայրական խնամքը Աստծուց իրեն վստահված ժողովրդի հանդեպ Մկրտիչ Ա Խրիմյան Հայրապետը նույն նախանձախնդրությամբ պահպանեց մինչեւ խոր ծերություն: Իր հոգու վրա կրած բազմաթիվ վշտեր ու նեղություններ, որոնք բաժին էին ընկել մեր ժողովրդին, մեծ Հայրապետը աննվազ ջանքեր բերեց հոգեւոր դպրեվանքերի բարեկարգմանը, եկեղեցիների բարեզարդմանը, թեմական եւ համայնքային վերակազմմանը, եկեղեցական եւ ազգային կյանքի բարեփոխմանը` միշտ մնալով լուսավորության, գիտության ու առաջընթացի ջատագով: Այսօր էլ նրա թողած ժառանգությունը, նրա կյանքի օրինակը խոսում են մեր զավակների հոգիների հետ Հայրենի երկրի հիշատակներով, մեր պատմության անմոռանալի դրվագներով, խոսում են առ Աստված սիրով եւ ապավինությամբ եւ շարունակելու են հոգուց հոգի զրույցը սերնդե-սերունդ»: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը կոչ արեց աղոթելու եւ ձգտելու, որպեսզի «.... Աստծո օրհնությամբ մարմնավորվեն Խրիմյան Հայրիկի եւ ազգի հոգսերը իրենց ուսերին կրած մեր ժողովրդի մեծ զավակների արդար հույսերը` խաղաղ աշխարհի մեջ տեսնել ազատ Հայրենիքով միասնական, ապահով ու բարօր եւ հոգեւոր լույսով ու գիտությամբ պայծառ հայոց կյանքը: Թող Տերը զորացնի մեզ բոլորիս մեր առաքելության մեջ եւ արգասավորի մեր ջանքերը ի սեր Հայրենիքի եւ համայն հայ կյանքի»:
Հանդիսության ընթացքում Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի սաներն ասմունքեցին ու ընթերցեցին Խրիմյան Հայրիկի ստեղծագործություններից, գեղարվեստական կատարումներով հանդես եկավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ Շոթա Վարդանյանի: