Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի եւ Վազգենյան Հոգեւոր Դպրանոցի ամավերջյան հանդիսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիսի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) եւ Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցի ամավերջյան հանդիսությունը, որն սկսվեց ՀՀ օրհներգով եւ ճեմարանի քայլերգով:

Այնուհետեւ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի 2007-2008 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությամբ հանդես եկավ ճեմարանի տեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը: Այսօր Գեւորգյան ճեմարանում ուսանում են 114 սաներ, որոնցից շրջանավարտ 38-ը կհամալրեն Մայր Աթոռի միաբանության շարքերը: Տեսուչ Հայր Սուրբը նշեց, որ ուսումնական գործընթացն անցել է առանց խոչընդոտների, ճեմարանականերն այցելել են բազմաթիվ մշակութային հաստատություններ, թղթակցել զանազան թերթերի եւ ամսագրերի, կազմակերպվել են ուխտագնացություններ եւ քննարկումներ տարբեր հարցերի շուրջ: Նա անդրադարձավ ճեմարանի ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին` հույս հայտնելով, որ շրջանավարտ 38 ճեմարանականներն այսուհետ իրենց անսակարկ ծառայությունը կբերեն Հայ Առաքելական Եկեղեցու անդաստանում` օգտագործելով ճեմարանում ամբարած իրենց գիտելիքներն ու հոգեւոր փորձառությունը:

Տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ նաեւ Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը: Այսօր դպրանոցում ուսանում են 63 սաներ: Հայր Սուրբն իր հաշվետու զեկույցում անդրադարձավ անցնող ուսումնական տարում ճեմարանի արձանագրած հաջողություններին եւ խնդիրներին: Նա ուրախությամբ նշեց, որ ճեմարանը համալրվել է նոր դասախոսներով, ամուր կապեր են ստեղծվել ՀՀ ԲՈՒՀ-երի հետ, կազմակերպվել են հանդիպումներ անվանի մտավորականների եւ գիտնականների հետ, գիտաժողովներ եւ ուխտագնացություններ հայոց սրբավայրեր, ճեմարանի գրադարանը համալրվել է կրոնական եւ օտարալեզու արժեքավոր հրատարակություններով: Տեսուչ Հայր Սուրբը նաեւ տեղեկացրեց, որ հրատարակվել է «Վազգենյան դպրանոց» եռամսյա պարբերականի առաջին համարը, առաջիկային լույս կտեսնի նաեւ ճեմարանի երգչախմբի երկրորդ ձայնասկավառակը` 10 հոգեւոր երգերով:

Ընկալյալ ավանդության համաձայն` տեղի ունեցավ նաեւ մրցանակաբաշխություն: Վեհափառ Հայրապետը խրախուսական նվերներ հանձնեց բարձր առաջադիմություն ցուցաբերած սաներին: Պատվոգրեր եւ նվերներ հանձնվեցին նաեւ Ճեմարանի` ֆուտբոլի եւ շախմատի մրցումներում աչքի ընկած լսարաններին եւ սաներին:

Վերջում ներկաներին իր գնահատանքը եւ օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ճեմարանների տեսչություններին, դասախոսական կազմերին եւ պաշտոնեությանը կատարված աշխատանքների համար, անդրադարձավ նվիրյալ հոգեւորականների անհրաժեշտությանը մեր ժողովրդի կյանքում:

Վեհափառ Հայրապետը նշեց, որ բազմաթիվ եկեղեցիներ այսօր հոգեւոր սպասավոր չունեն, շատերը խոնարհված են եւ անհամբեր սպասում են նվիրյալ, հավատքով լի, ազգի բարօրությանն ու Հայրենիքի շինությանը լծված եկեղեցականների, ովքեր պիտի խանդավառեն ու մխիթարություն բերեն մեր ժողովրդի զավակներին, ովքեր մեր եկեղեցիների լույս խորաններից Քրիստոսի լույս պատգամները պիտի քարոզեն, որպեսզի դրանք դառնան մեր բարեպաշտ ժողովրդի կենցաղի եւ հոգեբանության հիմքը: Հայոց Հովվապետը կոչեց ճեմարանականներին ներքին ուխտ կատարելու` անդուլ աշխատանքով ու նվիրվածությամբ այդ կարիքը նվազեցնելու եւ իրավիճակը փոխելու համար:

Հանդիսությունը փակվեց Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով: