Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

   Հուլիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ ուխտավորների` առաջնորդությամբ Գերմանիայի Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի խոսնակ Մատթիաս Քոփի:

   Հանդիպման սկզբում Մատթիաս Քոփը նախ ներկայացրեց խմբի անդամներին և այցելության նպատակը, ապա տեղեկացրեց, որ ուխտավորներն ութ օրերի ընթացքում արդեն այցելել են Հայաստանի հայտնի պատմական վանքեր ու եկեղեցիներ:

   Այնուհետև ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունեց Հովակիմ Սրբազանը` իր խոսքում նշելով, որ Հայ Եկեղեցին առանձնակի սիրով է ընդունում Քույր Եկեղեցիների ուխտավորներին, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդի հարուստ մշակույթին ու սրբազան ժառանգությանը և հաղորդ դառնալ քրիստոնեական հնագույն արժեքներին: Հովակիմ Սրբազանը հյուրերին նաև համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմության կարևոր դրվագները, նվիրապետական կառուցվածքը, խորհրդային շրջանում Հայոց Եկեղեցու կրած դժվարությունները և եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը:

   Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին` Սրբազան Հայրը նշեց, որ Հայ Եկեղեցին ջերմ հարաբերությունների և սերտ համագործակցության մեջ է քրիստոնեական Եկեղեցիների հետ. տեղի են ունենում եկեղեցականների փոխայցելություններ, ուսանողների փոխանակումներ և բազում համատեղ կրթական և սոցիալական ձեռնարկներ:

   Հանդիպմանը Հովակիմ Սրբազանը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրակացվող կրթական, քարոզչական և հասարակական գործունեությանը, ինչպես նաև ապագայի ծրագրերին: