Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 16-17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:
Ժողովի սկզբում ժողովականներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արդյունավետ ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունեց ժողովին ԳՀԽ նոր անդամների ներկայությունն ի դեմս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:
ԳՀԽ օրակարգում ընդգրկված էին առաջիկա սեպտեմբերի 18-20-ը Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին, 2015 թ. սեպտեմբերի 27-ին Մյուռոնօրհնության արարողությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացին առնչվող հարցեր, թեմական, ծիսական և կարգապահական խնդիրներ:
Մայր Աթոռում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստության մասին զեկույց ներկայացրեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հանգամանորեն անդրադառնալով կազմակերպիչ հանձնախմբի կողմից կատարված աշխատանքներին և ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է հյուրընկալել ժողովի առիթով Նվիրապետական Աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից ժամանող 155 ներկայացուցիչներին: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք հայտնեց կազմակերպիչ հանձնախմբին:
Ժողովականները քննարկեցին նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը, որ ներկայացվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության մշակման հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Կատարված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը հանձնարարվեց քննարկել առաջիկա Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընթացքում:
ԳՀԽ անդամները լսեցին նաև Թեմական կանոնադրությունների լրամշակման և խմբագրման հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացի մասին: Գերագույն հոգևոր խորհուրդը, գնահատանք հայտնելով կատարված աշխատանքի համար, հորդորեց շարունակել և ամբողջացնել թեմերում կանոնադրության ներդրման գործընթացը: Խորհուրդը, կարևորելով Հայ Եկեղեցու պայծառությանն ու առաքելության արդյունավետ իրագործմանը միտված այս կանոնադրական կանոնակարգումը, թելադրեց թեմերին նախանձախնդրությամբ ավարտին հասցնել որդեգրված փաստաթղթի ներդրման գործընթացը:
2009 թ. թեմական ուղենիշային կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանձնախմբի առաջարկները ԳՀԽ անդամներին ներկայացրեց հանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում ընդարձակել աշխարհականների մասնակցությունը թեմերի կառավարման գործընթացին, ինչպես նաև հստակեցնել և կանոնակարգել կապը Մայր Աթոռի և թեմերի միջև:
Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն ընդունեց նաև Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասին զեկույցով հանդես եկավ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Զեկույցի քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի կողմից ծրագրվող հիշատակի միջոցառումներին: Կարևորվեց Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի, էկումենիկ կազմակերպությունների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների մասնակցությունը 2015 թ. ծրագրվող միջոցառումներին:
Ժողովի ընթացքում ԳՀԽ անդամները լսեցին նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի զեկույցը Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրության վերաբերյալ: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի նախաձեռնությամբ 1985 թ. գրաբարից կատարված Ս. Գրքի թարգմանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Աստվածաշնչային ընկերության կողմից` աջակցությամբ Մայր Աթոռի միաբանների, տասը տարիների ընթացքում սրբագրության է ենթարկվել: Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով կատարված աշխատանքը, գնահատանք հայտնեց Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրման կարևոր գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձերին: