Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին` իրենց օգտակար ծառայության համար:
ԳՀԽ նիստերը նախագահեցին Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ժողովում քննության առնվեցին նվիրապետական աթոռներին և թեմական կյանքին, Եկեղեցու հոգևոր-կրթական, քարոզչական առաքելությանը, կանոնադրական ու ծիսական հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ:
Երուսաղեմի պատրիարքության ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` մասնավորաբար անդրադառնալով Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը և տեղեկացնելով, որ նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ընտրության վավերացման դիմումներն արդեն իսկ ուղարկվել են Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի իշխանություններին և մոտ ժամանակներս սպասվում է նրանց վավերացումը: ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` վերստին շնորհավորելով նորընտիր պատրիարքին և մաղթելով, որ Տերը զորացնի նրան` իր ջանքերով առավել պայծառացնելու պատմական Ս. Աթոռը: Կ.Պոլսի Հայոց պատրիարքության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Փոխանորդ Սրբազանը նշեց, որ Կ.Պոլսի պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և նա գտնվում է բժիշկների մշտական խնամքի ներքո: Արամ Սրբազանը նաև մասնավոր անդրադարձ ունեցավ Թուրքիայում հայոց սրբավայրերի պահպանության և վերադարձման խնդիրներին: Ի գիտություն ընդունելով զեկույցը` ԳՀԽ անդամները Տիրոջ զորակցությունը հայցեցին Ամենապատիվ Պատրիարքին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2012 թ. գործունեության մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով անցնող տարում Մայր Աթոռի կողմից ներեկեղեցական և միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Սուրբ Էջմիածնի քարոզչական, կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը: Տեղեկացվեց, որ 2012 թ. հրապարակվել են հայրապետական 57 կոնդակներ, ձեռնադրվել են 9 քահանաներ` 2 կուսակրոն և 7 ամուսնացյալ, ինչպես նաև 35 սարկավագներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 668 է, որոնցից` 56-ը եպիսկոպոս, 33-ը` վարդապետ և ծայրագույն վարդապետ, 61-ը` աբեղա, 423-ը քահանա, 95-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում: Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ուսանողների թիվը 220 է:
Մայր Աթոռի հովանու ներքո գործող յոթ Հայորդյաց տներ հաճախել են 5000 երեխաներ: Սոցիալական ոլորտում նոր կարևոր ձեռնարկ էր Արաբկիրում «Նագգաշյան մանուկների տուն» կենտրոնի բացումը, որտեղ 10 տարեկանից բարձր 20 աղջիկներ ստանում են մասնագիտական կողմնորոշում և սոցիալական աջակցություն: Անցնող տարում Մայր Աթոռի 51 բաժինների կենսագործունեությունը ապահովել են 1174 անձինք` 142 եկեղեցականներ և 1032 աշխարհականներ:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` մաղթելով անսասանություն և պայծառություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց նաև եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հետ առնչված հարցեր: Վերահաստատվեց ժողովն առաջիկա սեպտեմբերին Մայր Աթոռում գումարելու որոշումը և քննության առնվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, Կանոնական հանձնախմբի համաատենապետ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Տավուշի թեմի առաջնորդ, Սրբադասման հանձնախմբի համաատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի դիվանապետ և Ծիսական հանձնախմբի համաատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցները` առնչված եպիսկոպոսաց ժողովի օրակարգային նյութերին:
Ժողովի երկրորդ նիստին քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայ Եկեղեցու կողմից իրականացվելիք միջոցառումների առաջարկները: Առաջարկների հանձնախմբի աշխատանքը ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս առնչության ծրագրված միջոցառումները և այդ շրջանակներում Մայր Աթոռի հետ հնարավոր համագործակցությունը ներկայացրեց նաև նիստին հրավիրված ՀՀ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը հանձնարարեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած հանձնաժողովին լրամշակել առաջարկները, կազմել միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը և ձեռնամուխ լինել աշխատանքների իրականացմանը:
Ժողովի ընթացքում լսվեց նաև Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի զեկույցը` Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան հոգևոր դպրանոցի և Հառիճավանքի ընծայարանի վերաբերյալ: Գևորգ Սրբազանը, անդրադառնալով Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը, մասնավորաբար խոսեց հոգևորականության պատրաստության ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի բուհերի ու արտերկրի համալսարանների և հոգևոր հաստատությունների հետ համագործակցության մասին:
Հանրակրթական ոլորտում Մայր Աթոռի գործունեության հիմնական ուղղություններին անդրադարձավ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` ընդգծելով կենտրոնի արդյունավետ գործակցությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարության և թեմերի հետ մի շարք կրթական ծրագրերի շրջանակներում և հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստության գործում: Ի թիվս տարբեր ծրագրերի Հայր Սուրբը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրված է դպրոցներում անցկացնել «Հայ հոգևոր և ազգային երգի փառատոն» հանրապետական մրցույթ: ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին կատարված աշխատանքների մասին զեկույցները` կարևորելով ինչպես հոգևորականության պատրաստությունը, այնպես և հոգևոր-քրիստոնեական արժեքների ջամբումը երիտասարդ սերնդին:
Ժողովի երրորդ նիստին Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց Եկեղեցու կողմից սիրիահայությանը ցուցաբերվող զորակցությանը: Տեղեկացվեց, որ այդ նպատակով Մայր Աթոռը 200 հազար ԱՄՆ դոլար գումար արդեն փոխանցել է, իսկ վերջերս տրամադրել է ևս 100 հազար ԱՄՆ դոլար: Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց թեմակալ առաջնորդներին շարունակել առավել ջանքեր ներդնել` համայնքներից օգնություն և օժանդակություն հասցնելու կարիքի մեջ գտնվող Սիրիայի հայ համայնքին: