Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 28-ից մարտի 1-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հառիճավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Տերունական աղոթքից և Վեհափառ Հայրապետի ողջույնի խոսքից հետո ժողովականներն անցան օրակարգի հարցերի քննարկմանը:
ԳՀԽ ժողովն ատենապետեցին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմական, կանոնական-ծիսական և կարգապահական խնդիրներ:
Ժողովին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության մասին տեղեկություններ փոխանցեց Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Սրբազանը խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի առողջական վիճակը ծանր է հառաջացած տարիքի պատճառով և անհրաժեշտն արվում է նրա ապաքինման համար: Ժողովականներն աղոթք բարձրացրեցին Ամենապատիվ Թորգոմ Պատրիարքի առողջության համար` հիշելով նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին:
Ժողովին ներկայացվեցին զեկույցներ Հայ Եկեղեցու կանոնական, սրբադասման և ծիսական հարցերով հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին:
Ժողովականներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը և թեմական խորհրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանը տեղեկություններ փոխանցեցին թեմական կյանքի և մասնավորաբար Նիսի ծուխի շուրջ ստեղծված կացության մասին: Տեղեկացվեց, որ ներկայիս Նիսի նորակազմ եկեղեցական ծուխը կազմակերպում է համայնքի կյանքը, և կանոնավոր կերպով կատարվում են ծիսա-պաշտամունքային արարողությունները: Ժողովը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների համար:
ԳՀԽ ժողովին որոշում կայացվեց սույն թվականի սեպտեմբերի 26-28-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել հերթական թեմական-ներկայացուցչական ժողովը` Հայ Եկեղեցուն հուզող խնդիրներ քննարկելու համար:
Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի զեկույցը` թեմի պետական գրանցման գործընթացի և հայոց սրբավայրերի վիճակի մասին: Քննարկվեց Մայր Աթոռի Կարգապահական հարցերի հանձնաժողովի զեկույցը:
Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց փետրվարի 21-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշա Զադեի նստավայրում Ադրբեջանի կրոնական համայնքների հոգևոր առաջնորդների կողմից ստորագրված պատմական իրողություններն աղավաղող հակահայկական համատեղ ուղերձին, որը վերաբերում էր Խոջալուի դեպքերին: Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց Ադրբեջանի կրոնական առաջնորդների հայտարարությունը, որը հակասում է տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների և հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորմանն ուղղված կոչերի ոգուն: ԳՀԽ անդամները նաև ցավով արձանագրեցին այն պարագան, որ ուղերձը ստորագրվել է Ադրբեջանի կրոնական փոքրամասնությունների` ռուս ուղղափառ, կաթոլիկ, հրեական համայնքների առաջնորդների կողմից: Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց, որ Ադրբեջանը քաղաքական խարդավանքների մեջ է ներքաշում երկրի կրոնական փոքրամասնություններին:
Ժողովն ավարտվեց գոհաբանական աղոթքով Հառիճավանքում: Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ողջունեց Հառիճավանքի նորոգությունը և նոր դպրանոցի հաստատումը: