Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով
Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
Ժողովի օրակարգում անդրադարձ եղավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Այցի մանրամասները ժողովականներին ներկայացրեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Ըստ այդմ, մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկատարվի համաձայնագրի կնքում Սերգիեւ Պասադի եւ Էջմիածնի միջեւ որպես քույր քաղաքների: Այնուհետեւ երկու Հովվապետերը ծաղկեպսակ կզետեղեն 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին:
Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան եւ ծառատունկ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը եւ Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Մարտի 18-ին ծրագրված է Երեւանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաեւ Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի «Հովվի խոսքը», «Ազատություն եւ պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը Երեւանի Պետական համալսարանում եւ երկու գահակալների հանդիպումը ուսանողների, մտավորականների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորագրում, ապա Հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի այցը Հայաստան: