Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետեց ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ժողովի օրակարգում քննության առնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նվիրապետական Աթոռներին, Ամենայն Հայոց Հայրապետության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերի գործունեությանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին:
Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետի` հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ եւ օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Ս. Աստվածածին պատմական վանքի վերաօծման եւ վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները:
Ժողովականներն անդրադարձ կատարեցին նաեւ սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մայր Աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրվեցին մի շարք կարեւոր նյութեր, ինչպիսիք են Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությանը` թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի արդյունքները, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմության հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ ներեկեղեցական տարբեր խնդիրներ:
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն ի գիտություն ընդունեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում առկա իրավիճակի մասին եւ աղոթք բարձրացրեցին Պատրիարք Սրբազանների եւ երկու պատրիարքությունների միաբանների համար:
Ամենայն Հայոց Հայրապետության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական, սրբադասման և ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին ժողովականներին զեկուցեցին հանձնախմբերի համաատենապետեր Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգեւոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց հանձնախմբերի արձանագրած արդյունքները` հորդորելով շարունակել աշխատանքները` ի շահ եւ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու:
Ժողովի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին կատարված օգտակար աշխատանքի եւ եկեղեցանպաստ ծառայության համար: