Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 17-19-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովի սկզբում ժողովականները աղոթեցին Մայր Աթոռի վաստակաշատ միաբան լուսահոգի Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի հոգու հանգստության համար: Այնուհետեւ ԳՀԽ անդամներին իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բարի արդյունավորում մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունեց նաեւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայությունը:
Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
ԳՀԽ անդամներին ներկայացվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2010թ. գործունեության տեղեկագիրը եւ ֆինանսական հաշվետվությունը: Այնուհետեւ ժողովի օրակարգում քննության առնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ-նվիրապետական Աթոռներ, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական եւ միջեկեղեցական այցերին, ներեկեղեցական խնդիրներին:
Ըստ այդմ, ժողովականների ուշադրությանը հանձնվեցին Նվիրապետական Աթոռներին եւ Մայր Աթոռի հետ փոխհարաբերություններին վերաբերող տեղեկություններ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական եւ ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին Ժողովականներին զեկուցեցին հանձնախմբերի համտենապետեր ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգեւոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցները եւ հորդորեց շարունակել աշխատանքները` ի նպաստ Հայ Եկեղեցու կյանքում առկա կանոնական եւ ծիսական խնդիրների լուծման եւ հաղթահարման:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության միաբանական ընդհանուր ժողովի արդյունքների մասին զեկույցներ ներկայացրեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Տեղեկացվեց, որ ժողովում ընտրված հանձնախումբն առաջիկային Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կներկայացնի պատրիարքության կանոնադրության մեջ աթոռակից պատրիարքի վերաբերյալ փոփոխությունների համապատասխան նախագիծը:
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության ընթացիկ հարցերի վերաբերյալ զեկուցեց Կ.Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Արամ Սրբազանը ներկայացրեց նաեւ պատրիարքության հիմնադրման 550-ամյակի առիթով ծրագրված միջոցառումները: Գնահատանքով ընդունելով զեկույցը` Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց Հայրենիքում եւս կազմակերպել հոբելյանական տարեթվի նշումը:
Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարբեր ներեկեղեցական հարցերի: Շվեյցարիայի հայոց թեմում առկա խնդիրների մասին զեկուցեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Շվեյցարիայի հայոց թեմը հռչակվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից դեռեւս 1992 թ. եւ թեմակալ առաջնորդ է նշանակվել Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանը: Հայրապետական տնօրինության համար հիմք են ծառայել տեղում գործող ծուխերը եւ Շվեյցարիայում, ուր գործում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը եւ այլ էկումենիկ կառույցներ, Հայ Եկեղեցու ներկայացուցչության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց Շվեյցարիայի հայոց թեմում նշանակել առաջնորդական տեղապահ ի դեմս Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանի` ձեռնամուխ լինելու Շվեյցարիայում թեմական կյանքի վերակազմակերպմանը եւ միաժամանակ ծառայելու իբրեւ Ժնեւի հայ համայնքի հոգեւոր հովիվ: Որոշվեց նաեւ Ժնեւի հոգեւոր հովիվ Տ. Աբել քահանա Մանուկյանին այլ ծառայության համար հրավիրել Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Ժողովին անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու կանոնադրության մշակման աշխատանքներին, ինչպես նաեւ թեմերի կանոնադրություններում Թեմական-ծխական կանոնադրության ուղենշային փաստաթղթի պահանջների ներդրման գործընթացի արդյունքներին:
Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանը ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի` մայիսի 7-26-ը Հարավային Ամերիկայի թեմեր կատարելիք այցի կազմակերպական մանրամասները: Անդրադարձ կատարվեց նաեւ Վրաց Եկեղեցի եւ Վիրահայոց թեմ Վեհափառ Հայրապետի կատարելիք միջեկեղեցական եւ Հովվապետական այցին, որը նախատեսված է իրականացնել առաջիկա հունիս ամսին: Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ԳՀԽ անդամներին ներկայացրեցին այցի ծրագիրը:
Հայ Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության գործունեության հաշվետվությունը ժողովականներին ներկայացրեց կազմակերպության պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Տեղեկացվեց, որ հուլիսի 7-10-ը Մայր Աթոռում կգումարվի կազմակերպության երկրորդ պատգամավորական ժողովը: Գերագույն հոգեւոր խորհուրդը գնահատանք հայտնեց կատարված աշխատանքների համար` մեծապես կարեւորելով երիտասարդների քրիստոնեական դաստիարակությանն ուղղված ձեռնարկները:
Գերագույն հոգեւոր խորհրդում ուրախությամբ արձանագրվեց, որ ընթացիկ տարում բոլորում է Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 60-րդ տարեդարձը, որը որոշվեց նշել նոյեմբեր ամսին, Նորին Սրբության գահակալության օրը:
Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց ձեռնամուխ լինել Հայ Եկեղեցու հոգեւոր սպասավորների պատրաստության հիմնադրամի ստեղծմանը, որը պիտի ծառայի եկեղեցականաց նոր սերնդի կրթության եւ հոգեւորականների ուսումնական ու դաստիարակչական առավել արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի հաստատման աշխատանքների կազմակերպման նպատակով ձեւավորվեց հանձնախումբ:
Ժողովին ներկայացվեցին նաեւ Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հաշվետու զեկույցներ: ԳՀԽ անդամներն իրենց նկատառումները փոխանցեցին ներկայացված տեղեկագրերի վերաբերյալ եւ գոհունակություն հայտնեցին թեմերի հոգեւոր-եկեղեցական կյանքում արձանագրված հաջողությունների առիթով: