Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
Օրակարգում ընդգրկված էին Հայ Եկեղեցու ներեկեղեցական եւ միջեկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:
Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ժողովականներին ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները: Հունիս ամսին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով նախատեսված էր Վեհափառ Հայրապետի պաշտոնական այցը Վրաց Եկեղեցի եւ Վիրահայոց թեմ: Այս առնչությամբ Եզնիկ Սրբազանը Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ Վրաց Եկեղեցու պետի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան հետաձգվել է հոկտեմբեր ամիս: Հոկտեմբեր 22-23-ին Նորին Սրբությունը հյուրը կլինի Իլիա Կաթողիկոս-պատրիարքի, իսկ հոկտեմբեր 24-28-ը Հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ` Թբիլիսի եւ Ջավախք:
Գերագույն հոգեւոր խորհուրդը, արձանագրելով կրթական ոլորտում իրականացվող փոփոխությունները, անդրադարձավ նաեւ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցին: Քննության առնելով այս առնչությամբ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունները եւ հասարակության մեջ առկա մտահոգությունները` Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց հորդորով դիմել ՀՀ կառավարությանը առավել գործուն քայլեր ձեռնարկելու գործընթացի հետ կապված խնդիրները շահագրգիռ անձերի եւ կազմակերպությունների հետ քննարկելու եւ մոտեցումներն առավել հստակեցնելու: Ստեղծվեց հանձնաժողով գործընթացի մանրամասներն ուսումնասիրելու եւ առ այդ Գերագույն հոգեւոր խորհրդին զեկուցելու:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: