Գերագույն Հոգեւոր Խորհուրդն ավարտեց աշխատանքները

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն©Ս©Օ©Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողովն ավարտեց իր աշխատանքները:
Ժողովում քննության առնվեցին ազգային-եկեղեցական, ծիսապաշտամունքային, քարոզչական եւ այլ խնդիրներ: Անդրադարձ ունենալով Եկեղեցի-Պետություն հարաբերություններին` Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հաստատեց օրենսդրական եւ այլ կարգի հարցերի կանոնակարգման ուղղությամբ տարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը:
Գերագույն Հոգեւոր Խորհուրդը գոհունակությամբ ընդունեց թեմերի վերակազմակերպման ծրագրի շրջանակներում իրականացված Ֆրանսիայի հայոց համայնքները մեկ թեմի մեջ ներընդգրկելու ուղղությամբ կատարված աշխատանքների զեկույցը եւ թելադրեց ամբողջացնելու թեմի կազմավորման գործընթացը:
Մտահոգության առարկա դարձավ վերստին Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակի հարցը, որը մեծապես շարունակում է խոչընդոտել թեմում ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպմանը: Որոշվեց շարունակել բանակցությունները Վրաստանի իշխանությունների եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ Վիրահայոց թեմի պատշաճ կարգավիճակի հաստատման գարծընթացը արդյունավոր լուծման առաջնորդելու համար:
Եկեղեցու հոգեւոր-քարոզչական առաքելության վերաշխուժացման շրջանակներում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը կարեւորությամբ ընդգծեց ծխական համայնքների վերակազմակերպումը, եկեղեցականների պատրաստությունը, երիտասարդաց միությունների ընդլայնումն ու գործունեության համակարգումը, վանքերի եւ եկեղեցիների վերականգնումն ու կառուցումը, եկեղեցիների ու սրբավայրերի ուխտի օրերի տանակատարության ավանդույթի վերականգնումը:
Ժողովականներն անդրադարձան նաեւ առաջիկա տարվա փետրվար ամսին Բրազիլիայում կազմակերպվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 9-րդ գլխավոր ասամբլեայում Ամենայն Հայոց Կաթողիկոսության մասնակցության հետ կապված խնդիրներին: Քննության նյութ դարձան նաեւ առաջիկային Մայր Աթոռում կազմակերպվելիք թեմակալ առաջնորդների եւ ատենապետերի հավաքին, ինչպես նաեւ երիտասարդ միաբանների համախմբումին առնչվող հարցեր:
Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամները ժողովի ավարտին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեցին Նորին Սրբությանը գահակալության վեցերորդ տարեդարձի առիթով: Վեհափառ Հայրապետը իր գոհունակությունն ու գնահատանքը բերեց խորհրդի անդամներին կատարված արդյունավետ աշխատանքների համար: Ժողովը փակվեց «Պահպանիչ» աղոթքով: