Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հորդորում է
Մարտի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով:
Հավարտ ժողովի Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հավատավոր ժողովրդին ուղղեց իր հորդորը.
«Մեր Տիրոջ երկրային կյանքի փրկչական վերջին տնօրինությունները բովանդակող Ավագ Շաբաթվա մեջ ենք ամենքս: Կոչված ենք ոչ միայն հիշատակելու այդ խորհուրդները, այլեւ` ապրելու եւ զգալու, Փրկչի հետ տրտմելու, ապա Նրա հրաշափառ հարությամբ ցնծալու եւ աստվածային անհուն սիրով վերափոխելու մեր հոգիները:
Թող այս շաբաթը մեզ համար դառնա ջերմեռանդ աղոթքի եւ ինքնամաքրման շրջան` առաջնորդվելու Աստծո եւ միմյանց հանդեպ սիրո մեծագույն պատվիրանով:
Աղոթենք առ Աստված եւ հայցենք Սուրբ Հոգու զորակցությունը մեր ժողովրդին` առ Հայրենին սիրով հաղթահարելու ներքաղաքական կյանքի այս ծանր փորձությունը, որպեսզի առատանան մեզանում հույսի եւ հավատի գործերը` ի խնդիր ազգային համերաշխության ու միաբանության եւ հայոց պետականության զորացման»: