Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց կարդինալ Թեոդոր Մաք Քարիկին
Հուլիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Վաշինգտոնի արքեպիսկոպոս, Կաթոլիկ օգնության ծառայության (CRS) խորհրդի անդամ կարդինալ Թեոդոր Մաք Քարիկին եւ նրա ուղեկիցներին` Կաթոլիկ օգնության ծառայության գործադիր փոխտնօրեն հայր Ուիլյամ Հեդլիին եւ կազմակերպության եւրոպական ու կովկասյան գրասենյակների ղեկավարներին:
Հանդիպման ընթացքում հյուրերը Վեհափառ Հայրապետին ներկայացրին Կաթոլիկ օգնության ծառայության գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, արտահայտելով իրենց բարի կամեցողությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Նորին Սրբությունը կարեւոր նկատեց կազմակերպության օժանդակությունը հայ ժողովրդին: Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց նաեւ բարի կամքի դրսեւորման համար, նշելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը հայ ժողովրդի մեծագույն ցանկությունն է: