Գարեգին Բ կաթողիկոսը օրհնեց Մարմաշենի վերանորոգված եկեղեցին
Օգոստոսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օրհնվեց Շիրակի թեմի Մարմաշեն գյուղի վերանորոգված եկեղեցին:
Մարմաշենի վանական համալիրը, որ երեք տաճարների մի գեղեցիկ համադրություն է, 11-րդ դ. կառույց է եւ պատկանում է Անիի ճարտարապետական դպրոցին: Այն մեծապես վնասվել էր հատկապես 1988-ի երկրաշարժի հետեւանքով: 1991թ. իտալացի ճարտարապետներ Գայանե Կազնատին (մայրը` հայ) եւ Մարիա Միմոն ձեռնարկեցին վանքի վերանորոգության աշխատանքները: Հայ-իտալական վարպետների համատեղ ջանքերով վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին Հայստանում Իտալիայի դեսպանության հովանավորությամբ եւ Հայաստանի հուշարձանների պահպանության վարչության օժանդակությամբ:
Արարողության սկզբում Իտալիայի դեսպանը, Գայանե Կազնատին, հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Գագիկ Գյուրջյանը եւ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը հանգամանալից ներկայացրեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Ապա Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքի խոսքը հղեց Իտալիայի դեսպանին, հանձինս նրա իտալացի ժողովրդին, վերնորոգության աշխատանքները նախաձեռնող եւ իրականացնող Գայանե Կազնատիին ու նրա աշխատակից ընկերներին, հուշարձանների պահպանության վարչությանը եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս աստվածահաճո ձեռնարկի իրականացմանը: Նորին Սրբությունը, մասնավորապես անդրադառնալով եկեղեցաշինության նշանակությանն ու կարեւոր խորհրդին, նշեց. «Այս եկեղեցին մեզ համար միայն պատմական հուշակոթող չէ: Եկեղեցու նորոգությունը նշանակում է նորոգություն հավատքի, ժողովրդի, նորոգություն Աստված-մարդ խախտված հարաբերության: Այսօր մենք այս վերանորոգված հարաբերության ճանապարհի անդրանիկ ուխտավորներն ենք, որ եկել ենք աղոթքի կանգնելու այս նվիրական տաճարի կամարների ներքո, ուր փառավորվում է եղբայրությունը Իտալիո եւ հայ ժողովուրդների: Հոգեւոր արժեքների վերանորոգումը, պահպանությունը եւ այն սերունդներին ավանդելը միայն բավարար չեն: Այդ արժեքները պետք է դառնան ապրող սերունդի կյանքի անբաժանելի մասնիկը, շաղախը նրանց կյանքի, գոյության ու լինելության»:
Արարողության վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը տվեց նաեւ նորապսակ Գայանե Կոզնատիին ու իր ամուսնուն:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Տ. Սիոն եպս. Ադամյանը, Տ. Գեղարդ աբղ. Վահունին, Շիրակի թեմի հոգեւոր հայրեր: Արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հավատացյալներ: