Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյին` Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ: Նորին Սրբությունը, ողջունելով քաղաքապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Կանադայի իշխանություններին, որ անտարբեր չեն եղել հայոց մեծագույն ողբերգության նկատմամբ եւ դեռ 17 տարի առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Իր հերթին Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեյն իր ջերմ շնորհակալությունը հայտնեց ընդունելության համար: Ծանոթանալով Մայր Աթոռի թանգարաններում պահվող հայ հոգեւոր մշակույթի գանձերն` մեծարգո քաղաքապետը ցանկություն հայտնեց դրանք ցուցադրել նաեւ Մոնրեալի ժողովրդին, որ կհիշեցնեն նրանց այն արժեքների մասին, որոնք մոռացման ենթակա չեն եւ որոնցով պետք է ապրել: