Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Կանադա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին` Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը ողջունեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծված բարեկամական կապերը` վստահությամբ, որ նմանատիպ փոխհարաբերությունները նպաստում են ժողովրդական արժեքների հաստատմանը Հայաստանի երիտասարդ Հանրապետությունում: Վեհափառ Հայրապետը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ այս ջերմ կապերը կծառայեն մարդկության կյանքի առաջընթացին ու խաղաղության ամրապնդմանը: Անդրադարձ եղավ նաեւ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների` մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարեւորությանը այլ երկրների պառլամենտների կողմից` ինչը կկանխի նման ողբերգության կրկնությունը որեւէ այլ ազգի նկատմամբ:
Զրույցի ընթացքում հյուրերը Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին խմբի աշխատանքները, հետաքրքրվեցին Հայ Եկեղեցու գործունեությամբ: