Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ լրագրողներին
Հոկտեմբերի 29-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարքն ընդունեց ԱՊՀ երկրներից` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Ղազախստանից Հայաստան ժամանած մի խումբ լրագրողների` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ԱՊՀ երկրների լրագրողական միությունների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանի:
Նորին Սրբությունը ողջունեց լրագրողների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որից հետո նրանց հնարավորություն ընձեռվեց իրենց հետաքրքրող հարցերը ուղղել Վեհափառ Հայրապետին: Ի պատասխան այդ հարցումների` Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս վիճակին, հոգեւոր կյանքում իրականացվող միջոցառումներին եւ եկեղեցաշինական աշխատանքներին, Վրաց եկեղեցու հետ հարաբերություններին եւ այլն: