Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղար Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտին:
«Տիրոջ օգնականությունն ու զորկացությունն ենք հայցում Ձերդ Սրբությանը` մաղթանքով, որ Բարձրյալն Աստված Ձեր հովվապետական ծառայությունն արդյունավորի նոր ձեռբերումներով` հանուն Բուլղար Եկեղեցու պայծառության և Ձեր հավատավոր ու բարեպաշտ հոտի հոգևոր մխիթարության: Մեր աղոթքն է նաև, որ Տերն արգասավորի Ձեր և Ձեր Եկեղեցու ջանքերը` ի խնդիր խաղաղության և համերաշխության ամրապնդման, Եկեղեցիների ու տարբեր կրոնների միջև երկխոսության և բարեկամության զորացման», - ասված է հայրապետական շնորհավորագրում:
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է Բուլղարիայի ծաղկուն հայ համայնքին` իբրև վկայություն երկու եկեղեցիների պատմական կապերի ու համագործակցության: Շնորհավորական ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Նեոֆիտ Պատրիարքի գահակալության շրջանում երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական և բարեկամական հարաբերությունները ևս կշարունակեն ծաղկել և արդյունավորվել` ի փառս Աստծու և ի բարօրություն հավատավոր երկու ժողովուրդների: