Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արեւմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարարի հետ
Ընդունելություն ի պատիվ Հայոց Հովվապետի
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արեւմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատտաչարյայի հետ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներ Հայկ Սուքիասը, Սունիլ Սոբտին եւ Սուզան Ռուբենը:
Գլխավոր նախարարը, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արեւմտյան Բենգալ եւ Կալկաթա, անդրադարձավ Հնդկաստանում հայ համայնքի կարեւոր դերակատարությանը, հատկապես Կալկաթայի սոցիալական, մշակութային եւ տնտեսական զարգացման մեջ: Նա նշեց այն բարձր հարգանքի մասին, որ հնդիկ ժողովուրդը տածում է հայկական համայնքի հանդեպ` հույս հայտնելով, որ երբեմնի բազմանդամ համայնքը, որն իր թվով նվազել է վերջին տարիներին, վերստին կաճի եւ կբարգավաճի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գոհունակություն հայտնելով բարի խոսքերի համար, անդրադարձավ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բազմադարյա հարաբերություններին: Հայոց Հովվապետը բարձր գնահատեց երկու ժողովուրդների բարեկամությունը եւ ուրախություն հայտնեց, որ ներկայիս բազմաթիվ հնդիկ երիտասարդներ իրենց ուսումնառությունն են շարունակում Երեւանի բարձրագույն կրթական հաստատություններում: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց գլխավոր նախարարին եւ ի դեմս նրա` նաեւ Հնդկաստանի իշխանություններին` կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաեւ հայերի, նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ հոգատարության համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ շնորհիվ այդ վերաբերմունքի հնդկահայերը, իբրեւ Հնդկաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացիներ, մասնակից են նաեւ Հնդկաստանի հասարակական, ազգային եւ մշակութային կյանքին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության ոլորտներին, ինչպես նաեւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի, Արեւմտյան Բենգալում հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ հուշարձանների ներկայիս կարգավիճակին առնչվող հարցեր:
Նույն օրը` երեկոյան, Թաջ Բենգալի հյուրանոցում, ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ ընդունելություն` կազմակերպված Կալկաթայի եկեղեցական վարչության կողմից: Ընդունելությանը մասնակցում էին հայ համայնքի անդամները եւ հնդկական հասարակության բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են հայ համայնքի, հայոց եկեղեցիների եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կյանքին:
Ընդունելությանը բարիգալստյան խոսքով Նորին Սրբությանը դիմեց վարչության ատենապետ Հայկ Սուքիասը` երախտագիտություն հայտնելով Վեհափառ Հայրապետին` օրհնաբեր այցի համար: Ինչպես նշեց պրն. Սուքիասը, Հայոց Հովվապետի այցին Հնդկաստան հայ համայնքն սպասել է երկար` ավելի քան քառասուն տարի:
Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ զարգացող կապերի եւ համագործակցության մասին խոսեց Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա ուրախություն հայտնեց իրեն ընձեռված մեծ պատվի համար, որ առիթ ունի ուղեկցելու աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու պետին պատմական այս այցի ընթացքում:
Ընդունելության ընթացքին Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը մասնակիցներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս գործունեությունը` առանձնաբար անդրադառնալով քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության, սոցիալական ծառայության եւ մշակութային ոլորտներում արձանագրած ձեռքբերումներին:
Ապա Հայրապետական իր օրհնությունն ու սերը բոլոր ներկաներին հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայ համայնքի անդամներին` նախնյաց հավատի հանդեպ նրանց նվիրումի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ հավատարմության համար: Նորին Սրբությունը հորդորեց նրանց համայնքային կյանքում առաջնային նկատել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը` նշելով, որ Հայոց ճեմարանում ուսանող երեխաները հնդկահայ համայնքի հարատեւության եւ Հնդկաստանի հայկական հայկական եկեղեցիների պահպանության ապագա երաշխավորներն են:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նաեւ Հովվապետական այցի կազմակերպիչներին եւ իր շնորհակալությունն արտահայտեց հնդիկ ժողովրդի հյուրընկալ ոգու համար, որի շնորհիվ հայերն ավելի քան հինգ հարյուր տարի առաջ իրենց ստեղծագործ արժանավոր կյանքով հաստատվել են Հնդկաստանում: