«Գարեգին Ա» հոգեւոր-կրթական կենտրոնի հողօրհնեքի արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

«Գարեգին Ա» հոգեւոր-կրթական կենտրոնի հողօրհնեքի արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 19.09.2009

Երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ սեպտեմբերի 19-20-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կանցկացվեն մի շարք միջոցառումներ եւ արարողություններ:



Այս առիթով տարբեր երկրներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներ` Տ. Նորայր եպիսկոպոս Աշգյանը եւ Տ. Շահե եպիսկոպոս Փանոսյանը, հոգելույս Գարեգին Ա Հայրապետի ընտանիքի անդամներ եւ Հայոց Եկեղեցու բարերար հայորդիներ:

Սեպտեմբեր 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գարեգին Ա Հայրապետի անվան հոգեւոր-կրթական կենտրոնի հողօրհնեքի արարողությունը: Հոգեւոր-կրթական կենտրոնը կառուցվում է Հայոց Եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանների ազնիվ նվիրատվությամբ եւ ծառայելու է եկեղեցականների վերապատրաստության, կրոնի ուսուցիչների պատրաստության, գիտաժողովների եւ հոգեւոր-կրթական տարբեր հավաքների համար:

Շարականների եւ սաղմոսների երգեցողությունից եւ աղոթասացությունից հետո Նորին Սրբությունը կատարեց կառուցվելիք կենտրոնի հողի օրհնությունը:

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: «Աղոթքով թող բարի ընթացք եւ ավարտ ունենա երանաշնորհ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով կառուցվելիք հոգեւոր-կրթական այս հաստատությունը, որ պիտի վեր հառնի Մայր Աթոռի սրբազան այս հողի վրա», - նշեց Նորին Սրբությունը` մասնավոր իր գնահատանքն ու օրհնությունը բերելով արարողությանը ներկա լոնդոնաբնակ բարերարներ Դիդիզյաններին, ովքեր ստանձնել են նաեւ հովանավորությունը երջանկահիշատակ Հայրապետի 10-րդ տարելիցի միջոցառումների:

Այնուհետեւ արարողության մասնակիցները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայաններ» հայորդյաց տուն: Ավանդական աղ ու հացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հրաչ եւ Սյուզան Թուֆայանները կատարեցին հայորդյաց տան նորամուտի արարողությունը: Հայորդաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի բարիգալստյան խոսքից հետո Էջմիածնի Հայորդյաց տան սաները հանդես եկան գեղարվեստական հայտագրով:

Միջոցառման ավարտին Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն, ուր Ամենայն Հայոց Հայրապետը վերստին հրավիրեց ներկաներին այս օրերին վերստին ապրելու բարի հիշատակը երանաշնորհ Հայոց Հայրապետի, անդրադառնալու նրա կյանքին եւ բարի գործերին:

Երեկոյան Երեւանում, Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա հուշ-երեկո եւ արխիվային լուսանկարների ցուցահանդես` նվիրված երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետին: