ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաեւ ՀՀ Նախագահի ընտրություններին եւ այդ առիթով կոչ ուղղեց ժողովրդին:

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները կարեւոր իրադարձություն են մեր երկրի եւ ժողովրդի կյանքում:

17 տարիներ առաջ մեր ժողովուրդը կատարեց ազատ, անկախ ապրելու իր ընտրությունը: Հայաստանի պետականության վերականգնումը մեր իրականության մեջ սկիզբ դրեց նոր գործընթացների` ուղղված արդար եւ հասարակական համերաշխությամբ հատկանշվող երկրի կառուցմանը: Մեր ժողովրդի արդար սպասումն է, որ նոր նախագահի ընտրությունը դառնա երաշխիք երկրում կայունության ու համերաշխության ամրապնդման եւ առաջընթացի:

Մեր հորդորն է, որ պատասխանատու այս իրադարձության առջեւ մեր ժողովուրդը դրսեւորի հայրենասիրության բարձր գիտակցություն, առաջնորդվի բացառապես հայրենի մեր երկրի հեղինակության գերակայության գաղափարականով: Թող ո°չ մի քայլ, ո°չ մի դրսեւորում չստվերի մեր ընտրությունը, չպառակտի մեր ժողովրդի միասնությունը: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք հարգել, հանդուրժել, սիրել միմյանց: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք ազգային շահի առջեւ խոնարհեցնել անձնական հավակնություններն ու զգայնությունները:

Աղոթող ենք, որ Տերը դեպի նոր հաջողություններ առաջնորդի մեր երկիրը խաղաղության, սիրո միաբանության ու համերաշխության մեջ:

«Հարգեցեք բոլորին, սիրեցեք եղբայրությունը, վախեցեք Աստծուց» (Ա Պետրոս 2.17):