ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ ողջունում եւ շնորհավորում ենք համայն մեր ժողովրդին` Հաղթանակի եւ Խաղաղության Օրվա առիթով:
Տոնական այս օրվա խորհուրդը անմահ է պանծալի հիշատակներով, որոնք մեր ժողովուրդը կերտել է Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում անցած մարտական փառավոր ուղիով, հայ զորահրամանատարների ու հերոսների սխրանքներով եւ վերածնված նույն քաջարի ոգով մեր օրերում պաշտպանելով Արցախի ազատ ապրելու արդար իրավունքը: Մենք այսօր տոնում ենք 15-րդ տարեդարձը Շուշիի ազատագրության, որը հանուն Արցախի մեր ժողովրդի հաղթական պայքարի խորհրդանիշն է: 1992 թ. մայիսի 9-ի օրհնաբեր օրվա ավետիսով ցնծում էր համայն հայության հոգին եւ այսօր վերստին ազգս հայոց միավորվել է հայրենի մեր հողի ազատագրության պանծալի խորհրդով: Արցախը այսօր լուսավորված է ազատության կենսաբեր շողերով եւ ապրում է վերածննդի շնչով` մարմնավորելով նվիրական իղձերը մեր ժողովրդի, արդարության նորոգված հույսն ու հավատը: Մեր ուրախությանը գումարվել է նաեւ մեր Հայրենիքի` Հայաստանի եւ Արցախի ազատ ու խաղաղ կյանքի առաջընթացի, ստեղծագործ բազում ձեռքբերումների եւ նվաճումների ուրախությունը:
Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ կամեցավ պայծառ ու հուսաբեր առավոտը ազգային մեր կյանքի:
Աղոթք ենք բարձրացնում երկինք բյուրավոր հոգիների համար Երկրորդ աշխարհամարտի զոհերի եւ մեր արի զավակների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատությանը:
Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի աշխարհը համայն, մեր Հայրենիքն ու ժողովրդին եւ օրհնի մեր ջանքերը` ի խնդիր մեր արդար հույսերի իրագործման, եւ ի սեր հայրենի մեր երկրի բարգավաճման ու բարօրության:
Շնորհք եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան: Ամէն: