Բուլղարիայի մշակույթի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Բուլղարիայի մշակույթի նախարարի այցը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  14.06.2012
Բուլղարիայի մշակույթի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Հունիսի 14-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունը, ուղեկցությամբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի  Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Սհոյանի, այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռում պատվիրակությանը ողջունեց Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:                                 

Հանդիպման ընթացքում Նաթան Սրբազանն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին, ինչի վկայությունն է դեռ 9-րդ դարից հայ համայնքի առկայությունը Բուլղարիայում: Այդ առիթով Սրբազանն երախտագիտություն հայտնեց Բուլղարիայի իշխանություններին` բուլղարաբնակ հայորդիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Սրբազանն իր խոսքում նաեւ կարեւորեց երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի սերտացումը` ընդգծելով, որ մշակույթի միջոցով կարելի է հարատեւ պահպանել ժողովրդի հոգին ու ոգին: Սրբազան Հայրը հաջողություն մաղթեց պրն. Ռաշիդովին իր պատասխանատու առաքելության մեջ` նշելով, որ առանց մշակույթի ազգերը չեն կարող գոյատեւել:                         

Իր հերթին Բուլղարիայի մշակույթի նախարարը կարեւորեց երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախություններն ու դժվարությունները եւ իրենց արարումներով հարստացրել Բուլղարիայի մշակույթը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական եւ Բուլղար Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, խոսվեց երկու ժողովուրդների ընդհանրությունների եւ հասարակության կյանքում հոգեւոր արժեքների կարեւորության մասին: