Բնապահպանական-քրիստոնեական Կլոր սեղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնին կից գործող բնապահպանական եւ կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող նորաստեղծ Քրիստոնեական բնապահպանական Կլոր սեղանի հանդիպումը` համաատենապետությամբ Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանի եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դր. Կարեն Նազարյանի:
Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան տարբեր եկեղեցիներում զարգացող բնապահպանության եւ կլիմայի փոփոխության ծրագրերին, Համաեվրոպական քրիստոնեական բնապահպանական ցանցի 13-րդ համաժողովին: Քննարկվեցին նաեւ բնապահպանական ճգնաժամի դեմ պայքարին, անտառահատմանը եւ էկոլոգիական միգրացիային վերաբերող հարցեր, ընդգծվեց խնդրին առնչվող կրթական-դաստիարակչական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը:
Համատեղ քննարկման ժամանակ որոշվեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կլոր սեղանը կիրականացնի գիտական, վերլուծական եւ գործնական բնապահպանական ծրագրեր: Գործնական ծրագրերի շրջանակներում առաջիկայում Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցում կտեղադրվեն արեւի էներգիայով սնուցվող հատուկ սարքավորումներ, որոնք տաք ջուր կմատակարարեն դպրանոցին:
Կլոր սեղանին ներկա էին Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի դասախոս Գրիգոր Բրուտյանը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան Թոմ Սամուելյանը, «Շեն» հ/կ-ի բնապահպանական հարցերով պատասխանատու Ռուդիկ Հակոբյանը, «Հանուն կայուն զարգացման» հ/կ-ի տնօրեն Կարինե Դանիելյանը, Կլիմայի փոփոխության կենտրոնի տնօրեն Դիաննա Հարությունյանը, «Հայաստանի անտառներ» հ/կ-ի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը: