Բացվեց Սեւանի Վազգենյան դպրանոցի ռւոսերեն լեզվի խորացված ուսուցման լինգաֆոնային լսարանը
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Հունիսի 28-ին, Սեւանի Վազգենյան դպրանոցում տեղի ունեցավ ռուսերեն լեզվի խորացված ուսուցման` Ս. Կիրիլի եւ Մեֆոդիի անվան լինգաֆոնային լսարանի հանդիսավոր բացման արարողությունը: Լսարանը կազմակերպվել է դարձել աջակցությամբ Սանկտ Պետերբուրգի Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգեւոր ակադեմիայի եւ բարերարությամբ ռուսաստանաբնակ Հրաչյա Պողոսյանի:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի Կալվածոց տեսուչ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Ս. Պետերբուրգի Հոգեւոր ակադեմիայի տեսուչ Ամբրոսի եպիսկոպոս Գատչինսկին, Մայր Աթոռի միաբաններ, բարերար Հրաչյա Պողոսյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ, դպրանոցի դասախոսներ եւ սաներ:
Լինգաֆոնային լսարանի պաշտոնական բացումից հետո ներկներին խոսքով դիմեց Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը: «...Վազգենյան դպրանոցի պատմությունը գիրք չէ, այլ ոգու պատմություն է: ...Այս օրը հերթական ոգեկան ձեռբերումն է մեր քսանամյա տարեգրության մեջ: Այսօր մեր առջեւ որակապես բարձր հոգեւորականներ կերտելու հարց է դրված: Հոգեւորականներ, որոնք իրենց նվիրումով, հավատքով եւ ազգասիրությամբ պիտի նպաստեն մեր քրիստոնեական պետության վերածննդին: ...Դպրանոցի տեսչությունն անցնող վերջին տարիներին մեծ կարեւորություն է տվել ռուսերենի ուսուցմանը: Դարերի պատմական հիշողություններն են կապում հայ եւ ռուս քրիստոնյա ժողովուրդներին իրար հետ, հոգեւոր եւ մշակութային բազում թելերով: Ռուսերեն լեզվի կատարելագործմանը նվիրված լսարանի բացումը դրա լավագույն վկայությունն է», - նշեց տեսուչը` շնորհակալություն հայտնելով Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանին` դպրանոցի գրադարանն աստվածաբանական գրականությամբ անընդմեջ հարստացնելու եւ ռուսերեն լեզվի դասավանդման համար նախատեսված լավագույն դասագրքեր ապահովելու համար, եւ Պետերբուրգի հայ համայնքից Հրաչյա Պողոսյանին` ռուսերեն լեզվի կատարելագործման լսարանը կահավորելու եւ համապատասխան տեխնիկական միջոցներով օժտելու համար:
Հայր Գեւորգն անդրադարձավ նաեւ հոգեւոր կրթական մակարդակում Վազգենյան հոգեւոր դպրանոցի եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի միջեւ համագործակցության հաստատմանը:
Ապա նեերկաներին դիմեց Սանկտ Պետերբուրգի Հոգեւոր ակադեմիայի տեսուչ Ամբրոսի եպիսկոպոս Գատչինսկին: «Գոհություն եւ փառք Բարձրյալին, որ այսօր առիթ ընձեռվեց ինձ ներկա եւ ուրախակից լինելու Սեւանի Վազգենյան դպրանոցի կյանքում այս կարեւոր իրադարձությանը` ռուսերենի խորացված ուսուցման լսարանի բացման հանդիսավոր այս արարողությանը: Այս իրադարձությունն անշուշտ վկայությունն է մեր երկու ժողովուրդների եւ Եկեղեցիների միջեւ եղբայրական ջերմ մթնոլորտի եւ մասնավորապես մեր երկու կրթական հաստատությունների միջեւ հաստատված համագործակցության, որ տարիների պատմություն ունի, ինչի ապացույցն այն բազմաթիվ հոգեւորականներն են, ովքեր դուրս գալով դպրանոցի այս հարկից, իրենց ուսումնառությունը շարունակել են մեր մոտ եւ այժմ ծառայում են Հայ Եկեղեցու տարբեր թեմերում, ծխերում եւ կառույցներում», - նշեց Ամբրոսի եպիսկոպոսը` անդրադառնալով նաեւ դպրանոցի անցյալի դժվարին եւ ներկայիս հիանալի պայմաններին: Ըստ Սրբազանի, լսարանի տեխնիկական հնարավորությունները թույլ կտան, որ սաները լսեն եւ հետեւեն նաեւ Ակադեմիայի աստվածաբանական դասախոսություններին: Նա նաեւ ներկաներին փոխանցեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ողջուններն ու շնորհավորանքները:
Արարողության ընթացքում ներկաներին իրենց սրտի խոսքը փոխանցեցին Սանկտ Պետերբուրգի տարածքային ազգային մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը եւ լսարանի բարերար Հրաչյա Պողոսյանը: Ապա գեղարվեստական կատարումներով հանդես եկավ դպրանոցի երգչախումբը: