Բացվեց «Նագգաշյան մանուկների տունը»

Բացվեց «Նագգաշյան մանուկների տունը»

Հունիսի  30-ին Երեւանի Արաբկիր համայնքի Ահարոնյան 2/2 հասցեում տեղի ունեցավ «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի բացման արարողությունը:  Արարողության սկզբում ազգային եւ հոգեւոր երգերի կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տան սաները: Ապա իրենց սրտի խոսքն ասացին «Մեր հույս» հայկական բարեգործական կազմակերպության (ԱՄՆ) նախագահ Ադրինե Կրիկորյանը եւ «Նագգաշյան մանուկների տուն» աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:  Նրանց խոսքով` կենտրոնն իր էությամբ տարբերվելու է նմանատիպ այլ աջակցության կենտրոններից` ունենալով հիմնականում ուսումնական ուղղվածություն: Այնուհետեւ, հանդիսապետությամբ Մուշեղ Սրբազանի կատարվեց տնօրհնեքի  արարողություն: ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, հայկական բարեգործական «Մեր հույս» կազմակերպության եւ անհատ բարերարների աջակցությամբ «Նագգաշյան մանուկների տունը» կգործի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո: Այն ծառայելու է սոցիալապես անապահով ընտանիքների 10 տարեկանից բարձր աղջիկների համար: Մանուկների տանը 50 աղջիկներ կստանան մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն, կհմտանան արհեստների մեջ: Կենտրոնն  իր դռները կբացի սեպտեմբերի 1-ից: Ապագայում նախատեսվում է նաեւ ապաստան տրամադրել մուրացիկ երեխաներին, ովքեր կստանան  նաեւ հոգեբանական աջակցություն: