Բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցը
Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ազգային բարերար Էդուարդո Էօռնեկյանը կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի հանդիսավոր բացումը:
ՀՀ կառավարության օգոստոս 20-ի որոշմամբ Էջմիածնի թիվ 13 դպրոցը հանձնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ վերակոչվել «Էօռնեկյան»` ի հիշատակ ազգային բարերար Էդուարդո Էօռնեկյանի հանգուցյալ ծնողներ Փանոս Էօռնեկյանի եւ Սուրբինա Բագրատունու:
Վեհափառ Հայրապետին եւ պատվարժան հյուրերին մեծ խանդավառությամբ, բուռն ծափողջույններով եւ ավանդական աղ ու հացով դիմավորեցին դպրոցի սաներն ու ուսուցիչները:
Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` անդրադառնալով պատմական այս իրադարձության կարեւորությանը, որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է կրթական ասպարեզում դարավոր իր առաքելությունը: Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց հայրենի իշխանություններին` ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ մեծանուն բարերարին, ում ազնիվ աջակցությամբ կգործի այս դպրոցը:
Դպրոցի տնօրեն Սահակ Զաքարյանի բարիգալստյան խոսքից հետո ներկաներին իրենց սրտի խոսքն ուղղեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը:
Այնուհետեւ հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց դպրոցի օրհնության արարողությունը, որի ավարտին ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնության ներքո գործող կրթական այս հաստատությունից ներս դպրոցի սաները պիտի դաստիարակվեն ազգային արժեքներով եւ հայրենյաց սիրով, զինվեն անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով, որպեսզի հաստատուն քայլեն կյանքում եւ իրենց բարի ծառայությունը բերեն ժողովրդին, Հայրենիքին եւ Եկեղեցուն: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դպրոցի բարերար Էդուարդո Էօռնեկյանին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության իրականացման գործում զորակցման համար: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց նաեւ Արմավիրի մարզպետին եւ ՀՀ Կրթության ու գիտության նախարարին:
«Սիրելի սաներ, վստահ ենք, որ նոր խանդավառությամբ պիտի ուսանեք այս հաստատության հարկի ներքո` գիտակցելով, որ դուք այլեւս բարի անվան պահպանողներն ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Վստահ ենք, որ գիտակցելով այն, որ դպրոցը գործում է Մայր Աթոռի օրհնության եւ հովանավորության ներքո, առավել նախանձախնդրությամբ պիտի կատարեք հանձնարարությունները մանկավարժների, սնեք ձեր հոգին մշտական հաղորդակցությամբ մեր հայրերի պատվիրանների ու պատգամների եւ ձեր կյանքը կազմակերպեք` առաջնորդվելով դրանցով»,- նշեց Հայոց Հայրապետն իր խոսքում:
Վերջում Նորին Սրբությունը եւ բարերար Էդուարդո Էօռնեկյանը գրքեր նվիրեցին առաջին լսարանի սաներին, ապա արարողության մասնակիցները շրջեցին դպրոցում` ծանոթանալով պայմաններին:
Դպրոցի բացմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ եւ հյուրեր: