Բացվեց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 2009-2010 ուսումնական տարին

Բացվեց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 2009-2010 ուսումնական տարին 10.09.2009

Սեպտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի 2009-2010 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը, որին մասնակցում էին ճեմարանականները, Մայր Աթոռի միաբանները, դասախոսներն ու ծնողները:

Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը` անդրադառնալով ճեմարանի ընդհանուր վիճակագրությանը: Հայր Սուրբն ուրախությամբ նշեց, որ այս տարի ճեմարան են ընդունվել 31 սաներ, համալրվել է տեսչական եւ դասախոսական կազմը: Ճեմարանում այժմ ուսանում են 123 սաներ:

Այնուհետեւ հոգեւոր եւ ժողովրդական երգերի կատարումներով եւ ասմունքով հանդես եկան ճեմարանականները:

Վերջում ներկաներին իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը ուրախությամբ արձանագրեց, որ այժմ ճեմարանը համալրվել է հոգեւորական դասախոսներով, ովքեր, իրենց աստվածաբանական բարձրագույն ուսումն ավարտելով Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների տարբեր կրթական հաստատություններում, վերադարձել են Մայր Աթոռ եւ իրենց ծառայությունն են բերում Հայոց Եկեղեցուն եւ մասնավորապես ճեմարանին:

Իր պատգամում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ եկեղեցականի կերպարին` ժողովրդին, Եկեղեցուն եւ Հայրենիքին հոգեւորականի արդյունավոր ծառայության մեջ կարեւոր նկատելով պատասխանատվությունը, նվիրումն ու բարոյական նկարագիրը: «Այդ գաղափարները կարող են կյանքի կոչվել, երբ մենք ունենք սեր մեր կոչումի եւ ծառայության նկատմամբ եւ հավատ` տեսնելու մեր առաքելության ուղին, այն նպատակը, որին ձգտում ենք հասնել, որի իրականացման համար ջանք, եռանդ եւ նվիրում ենք գործադրում»,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում` հորդորելով ճեմարանականներին առավել նախանձախնդրությամբ, հետեւողականությամբ եւ բարձր գիտակցությամբ լծվել ուսումնառության սրբազան գործին: